Exclusive. «Ամեն ինչ անում եմ նպատակիս հասնելու համար». Լիլի Սարգսյանը՝ «Միսս աշխարհ 2017»-ի մասին

10:21   10 նոյեմբերի, 2017

Այս օրերին «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը Չինաստանում է, որտեղ եւս 119 գեղեցկուհիների հետ պայքարում է նոյեմբերի 18-ին կայանալիք «Միսս աշխարհ» մրցույթում տիտղոսակիր դառնալու համար: Լիլին առաջին հայուհին է, որը Հայաստանը ներկայացնում է այս հեղինակավոր մրցույթում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում 18-ամյա գեղեցկուհին պատմել է իր մրցութային առօրյայի, մրցակիցների եւ հույզերի մասին.

«Այս պահին զբաղված ենք բեմական փորձերով, ինչպես նաեւ ֆոտոշարքեր ու տեսանյութեր ենք պատրաստում: Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են լինել այն 40 լավագույնների մեջ, որոնք կմասնակցեն բուն արարողությանը: Ես եւս մեծ ցանկություն ունեմ այդ 40-ի մեջ հայտնվելու. դրա համար հնարավորինս ամեն ինչ անում եմ»,-ասում է նա:

Խոսելով մրցակիցների մասին՝ հայ գեղեցկուհին նշում է.

«Ըստ իս՝ այստեղ գտնվող բոլոր աղջիկներն էլ ուժեղագույնն են եւ արդեն հաղթած: Արդեն մտերմացել ենք միմյանց հետ: Բոլոր աղջիկներն էլ հաճելի են ու բարի: Մեր միջեւ մրցակցություն չկա: Բոլորս մի ընտանիքի պես ջերմ ենք միմյանց հանդեպ: Անձամբ ես մրցակցության մեջ չեմ որեւէ մեկի հետ»:

Լիլին խոստովանում է՝ այս օրերին հուզմունքը մեծ է, բայց եւ հավելում. «Այն չի կարող խանգարել, որ լավ ներկայանամ»:

Գեղեցկուհուց հետաքրքրվեցինք՝ ինչպես է ընդունում իր հասցեին հնչող քննադատությունները, ինչին ի պատասխան՝ նա նշեց.

«Տեղյակ չեմ քննադատություններից, դրանք չեմ ընթերցում...ամեն ինչ անում եմ նպատակիս հասնելու համար»:

Խոսելով մրցույթում իր հաղթանակի հնարավորության մասին՝ Լիլին ասում է. «Չեմ կարող ոչինչ կանխատեսել: Նոյեմբերի 18-ին ամեն ինչ պարզ կդառնա»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE