«Սպանություն արեւելյան ճեպընթացում». նոր ճանապարհորդություն Ագաթա Քրիստիի աշխարհ  

16:03   9 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի գլխավոր պրեմիերան՝ «Սպանություն արեւելյան ճեպընթացում»՝ գեղեցիկ եւ տպավորիչ մի ժապավեն, որի փակ ցուցադրությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ «Երեւան մոլի» «Կինոպարկում»:

Փիլմը պատմում է գնացքում առեղծվածային սպանության մասին. ամեն ինչ դասական դետեկտիվի եւ լուրջ դրամայի լավագույն ավանդույթներով:

Սյուժեն գաղտնի կլինի միայն նրանց համար, ովքեր ծանոթ չեն Ագաթա Քրիստիի համանուն վեպին կամ էլ չեն դիտել դրա նախորդ էկրանավորումները:  

«Սպանություն արեւելյան ճեպընթացում» վեպը համարվում է Ագաթա Քրիստիի ամենահաջողված ստեղծագործություններից մեկը, այդ իսկ պատճառով զարմանալի չէ, թե ինչու են շատ ռեժիսորներ փորձում էկրանավորել այն: Սա արդեն վեպի երրորդ էկրանավորումն է:

Լարված պատմության առաջին էկրանավորումն արել է ռեժիսոր Սիդնի Լյումետը՝ 1974 թվականին, ինչի համար արժանացել է «Օսկարի»: Երկորդ էկրանավորումը լույս է տեսել 2011 թվականին: Իսկ, ահա, վերջին՝ երրորդ  էկրանավորման ռեժիսորը Քենեթ Բրանան է, որը շատերին հայտնի է «Դյունկերկ» ժապավենով:

«Սպանություն արեւելյան ճեպընթացում» հենց նա է մարմնավորում գլխավոր հերոսին՝ հանդես գալով հռչակավոր խուզարկու Էրկյուլ Պուարոյի դերում, որը Ագաթա Քրիստիի ամենախորհրդավոր կերպարներից մեկն է. նա հայտնվել է հեղինակի 33 վեպերում եւ ավելի քան 55 պատմվածքներում: Ռեժիսորը կարդացել է բոլորը, որպեսզի մտնի Պուարոյի կերպարի մեջ եւ լինի հնարավորինս համոզիչ ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ դերասան:

Անմահ վեպի նոր էկրանավորումն ապշեցնում է աստղային կազմով: Հայտնի աստղերի կենտրոնացումը յուրաքանչյուր կադրում մեկ վայրկյանում գրավում է, եւ հենց դա է կարեւորագույն դեր խաղացել կինովարձույթում ֆիլմի առաջխաղացման համար:

«Սպանություն արեւելյան ճեպընթացում» ժապավենը սպանության հետաքննություն է, իսկ դա նշանակում է, որ կերպարներին այստեղ մանրակրկտորեն քննելու են ամբողջ ֆիլմի ընթացքում: Սակայն նոր էկրանավորման մեջ դա այնքան էլ հասկանալի եւ նպատակային չի լինի:

Ճեպընթացի ուղեւորներին կարելի է համեմատել նվագախմբի հետ. բոլոր հերոսները ներդաշնակ են եւ վառ մի ամբողջության մեջ, սակայն առանձին-առանձին նրանք, ավաղ, այդքան էլ չեն փայլում: Կերպարների անձնային հատկությունները թույլ են եւ գրեթե չբացահայտված: Սա, թերեւս, ֆիլմի միակ թերությունն է:

Եթե ֆիլմի սյուժեն պտտվում է մի տեղեկության շուրջ, որը ստացվել է այլ հերոսներից, ապա հանդիսատեսը, ամենայն հավանականությամբ, պետք է իմանա, թե ումից է գալիս այդ տեղեկությունը: Սակայն, ցավոք, մեծ է հավանականությունը, որ հանդիսատեսը չի կարողանա հետեւել դետեկտիվի զարգացմանն ամբողջությամբ եւ չի զգա իրեն որպես իրավիճակի տեր:

«Սպանություն արեւելյան ճեպընթացում» ֆիլմն, անկասկած, գեղեցիկ ժապավեն է՝ դերասանական լավ խաղով, սակայն սպանության հետաքննությունը՝ որպես ֆիլմի հիմնական սյուժե, ոչ այնքան լավ է ռեալիզացվել: Բոլոր կերպարները, բացառությամբ՝ խուզարկուի, մեծ հաշվով, հանդիսատեսին անտարբեր կթողնեն:

«Արեւելյան ճեպընթացը» երկու տարբերակով է կառուցվել: Ռելսերի վրա շարժման պատրանք ստեղծելու համար գնացքը տեղավորել են հատուկ շարժվող պլատֆորմի վրա, իսկ պատուհաններից այն կողմ փոփոխվող տեսարանների համար օգտագործվել են իրական կադրեր, որոնք արվել են իրական գնացքից:

Բացի դերասական կազմից, ֆիլմը տպավորում է նաեւ իր գեղեցիկ տեսարաններով, ճոխ դեկորացիայով, ինտերիերով եւ 20-րդ դարասկզբի հագուստով: Էսթեթները՝ դիտեն անպայման. հիասքանչ ռեժիսորական աշխատանքը, գունային գամման, երանգապնակն ու կոնտրաստը ձեզ անտարբեր չեն թողնի:

Նկարիչները, կոստյումների հեղինակները, թերեւս, ֆիլմի գլխավոր՝ թաքնված հերոսներն են: Հենց նրանց շնորհիվ հանդիսատեսը ֆիլմի առաջին րոպեներից տեղափոխվում է նախորդ դարի 30-ական թվականներ:

Չնայած սյուժետային որոշ բացերի՝ արժե դիտել «Սպանություն արեւելյան ճեպընթացում» ֆիլմը: Առաջին հերթին՝ գեղագիտական հաճույք ստանալու համար, ինչն այնտեղ երաշխավորված է, երկրորդ՝ հիանալու համար թաքնված հաղորդագրություններով, որով ֆիլմը լի է՝ սկսած Դիքենսից մինչեւ «Գաղտնի երեկո»:

 

Ռեգինա Մելիքյան

 



© NEWS.am STYLE