Exclusive. «Փորձում էի հասկանալ՝ ով է այդ վատ արարքի հեղինակը». Նարեկ Մակարյանն՝ իր տեւական բացակայության մասին

12:08   10 նոյեմբերի, 2017

Երգիչ Նարեկ Մակարյանը տեւական ժամանակ է՝ գտնվում է ԱՄՆ-ում, իսկ վերջերս Նարեկն անգամ սոցիալական ցանցերում ակտիվություն չէր ցուցաբերում: NEWS.am STYLE-ը կապվել է երգչի հետ եւ պարզել, թե որն է ԱՄՆ-ում այդքան երկար մնալու նպատակն ու սոցիալական ցանցերից ժամանկավոր հեռանալու պատճառը.

«Այո, բավականին երկար ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում եմ. շատ անսպասելի էր այստեղ մնալս: Շատերն են հարցնում՝ գուցե ամուսնացե՞լ եմ: Այս օրերին դա ինձ տրվող ամենաառաջնային հարցն է»,-ծիծաղում է նա՝ չցանկանալով մանրամասներ բացահայտել տվյալ հարցի շուրջ: Փոխարենը Նարեկը տեղեկացրեց, թե ինչու էր տեւական ժամանակ բացակայում սոցիալական ցանցերից:

«Առաջին հերթին, ուզում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից, քանի որ բավականին երկար ժամանակ է՝ չեմ եղել սոցիալական կայքերում: Իրականում մեղավորությունն իմը չէր: Իմ սոցիալակայն կայքերի էջերը՝ Facebook-ը, Instagram-ն ու YouTube-ը, կոտրել են: Երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ով է նման վատ արարքի հեղինակը: Մի քանի անգամ կարողացել եմ հետ բերել էջերս… Ինչեւէ,  շատ զարմացա, երբ ինձ ցույց տվեցին, որ կոտրողը հենց ԱՄՆ-ից է՝ Լոս Անջելեսից: Հիմա արդեն ունեմ նոր էջ, որի միջոցով երկրպագուներս կարող են կրկին հետեւել իմ նորություններին»,-ասում է Նարեկը՝ հավելելով, որ այս ամբողջ ընթացքում զբաղված է եղել նոր աշխատանքներով.

«Այս ընթացքում ես ստեղծել եմ նոր երգեր, որոնք, հուսով եմ, մոտ ժամանակներս կհանձնեմ իմ հանդիսատեսի դատին»:

Երգչից հետաքրքրվեցինք՝ արդյոք ԱՄՆ-ում երկար մնալու պատճառներից են նոր համագործակցությունները.

«Առաջարկներ ունեմ, բայց դա չէ ինձ պահում Միացյալ Նահանգներում: Համենայն դեպս, ես կցանկանայի մնալ, որպեսզի ուսումս շարունակեմ ամերիկյան լավագույն համալսարաններից մեկում: Կարծում եմ՝ սա լավ որոշում է, որովհետեւ յուրաքանչյուրն էլ գիտի, թե ինչ լավ գիտելիքներ այստեղ կարելի է ստանալ ռեժիսուրայի, դերասանական արվեստի եւ վոկալի զարգացման ոլորտում: Երբ հասնեմ այդ բոլոր մասնագիտական գաղտնիքներին, կիրականացնեմ երազանքներիցս մեկը՝ Հայաստանում կհիմնեմ մի դպրոց, որի նմանը նախկինում չենք ունեցել»,-ասում է նա՝ հավելելով.

«Այս պահին դժվարանում եմ պատասխանել, թե երբ կվեդրառնամ Հայաստան, բայց խոստանում եմ՝ երկար չեմ սպասեցնի: Նոր երգեր արդեն ձայնագրել եմ, տեսահոլովակները պատրաստվում են: Անկեղծ ասած՝ կյանքումս մի շրջան եղավ, երբ ժամանակս շատ անիմաստ բաների վրա վատնեցի, գուցե դա էլ էր պետք, որ ավելի ճիշտ գնահատեի ժամանակս ու չշեղվեի նպատակներիցս: Մի խոսքով՝ ես վերադարձել եմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝  NEWS.am STYLE-ի եւ Նարեկ Մակարյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE