Միքայել Արամյանն ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Red Carpet-ի շնորհանդեսին (ֆոտո/վիդեո)

10:31   11 նոյեմբերի, 2017

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը ներկայացրեց իր միանգամից երկու նախագծերի շնորհանդեսը՝ Red Carpet ամսագրի 3-րդ համարը՝ Ռուսաստանում հայտնի դերասան Միքայել Արամյանի լուսանկարով եւ «Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի Գոշի «Գինին ու կինը» երգի պրեմիերան:

«Red Carpet-ը ոչ կոմերցիոն ամսագիր է. այն մենք ենք հանձնում տարբեր ռեստորաններին, հյուրանոցներին, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն սպասվելիք համերգային ծրագրերից, բացահայտեն նոր եւ արդեն հայտնի ու սիրված դեմքերի: Մինչ օրս այն ներկայացված էր միայն Մոսկվայում, իսկ այժմ ամսագիրը հասանելի կլինի նաեւ Երեւանում: Այնպես ստացվեց, որ ամսագրի 3-րդ համարի շնորհանդեսն արեցինք Երեւանում, իսկ շապիկին Միքայել Արամյանն է, որն արդեն սիրված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում: Կարծում եմ՝ այս ամսագրի ֆորմատը տարբերվում է նախ նրանով, որ այն չի վաճառվում, կոմերցիոն բնույթ չի կրում: Բացի այդ՝ այստեղ ավելի մեծ տարածք է հատկացված լուսանկարներին, իսկ տեքստերը կարճ են»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Սոֆյա Ղուլյանը:

Ամսագրի շապիկին Միքայել Արամյանը ներկայացված է ռետրո ոճում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ որքանով էր նրան մոտ այդ կերպարը.

«Ինձ շատ է դուր գալիս այդ ժամանակաշրջանի ոճը: Ֆոտոշարքի թեման միասին ենք ընտրել: Իսկ եթե լուսանկարվել եմ այդ ոճում, նկարն էլ հայտնվել է շապիկին, ուրեմն՝ իսկապես ինձ հոգեհարազատ է այդ ոճը: Ինձ դուր են գալիս 1930-40-ական թվականները, երբ տղամարդկանց մեջ կարեւորվում էին սկզբունքները, երբ մարդիկ խոսում էին գործերով, ոչ թե խոսքերով, իսկ այսօր այդպիսի մարդիկ, ցավոք սրտի, պակասում են: Կցանկանայի նրանց նման լինել»,-նշեց դերասանը:

Ի դեպ, բացի Միքայել Արամյանից՝ միջոցառմանը ներկա էին նաեւ այլ հայտնիներ՝ Վաչե Թովմասյանը, Լուիզա Ներսիսյանը, Մարտ Բաբայանը, Սոֆի Մխեյանը, «Ոսկե դպրոց» սիթքոմից հայտնի Գոշը եւ այլք: Վերջինը երեկոյի ընթացքում ներկայացրեց իր նոր՝ «Գինին եւ կինը» երգի պրեմիերան, որի մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել էր իր ընթերցողներին:

Միջոցառման մանրամասները՝ մեր ֆոտոռեպորտաժում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE