Exclusive. Թամար Կապրելյանը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելու եւ Sebu-ի հետ համագործակցության մասին

13:05   15 նոյեմբերի, 2017

2015 թ-ին Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացրած Թամար Կապրելյանը կրկին կփորձի իր ուժերը մրցույթում ներկայանալու համար: Երգչուհին մասնակցելու է  «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, եւ նույնիսկ արդեն ունի այն երգը, որով էլ ցանկանում է հաղթանակի դեպքում Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2018»-ին: Թամարը NEWS.am STYLE-ի հետ զրույցում խոսել է Սեբու Սիմոնյանի, Դեր Հովայի եւ «Նվակ»-ի երգահանների ջանքերով ստեղծված երգի եւ իր ակնկալիքների մասին:

«Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Սեպտեմբերին եկա Հայաստան՝ Իսրայելում 10 տպավորիչ օրեր անցկացնելուց հետո: Capital Cities-ից հայտնի Սեբու Սիմոնյանը մեր «Նվակ»-ի ուսանողներին երաժշտական օրինակ էր ուղարկել, որի վրա նրանք պետք է երգ գրեին: Մեր երգահաններից մեկը՝ Օվսաննան, հրաշալի մեղեդի ստեղծեց դրա հիման վրա, որից հետո Դեր Հովան նոր մշակման այն ենթարկեց, եւ այդպես ամեն ինչ սկսվեց: Մի քանի օր անց մենք հասկացանք, որ մի յուրահատուկ գործ ունենք մեզ մոտ»,-ասում է Թամարը՝ բացահայտելով նաեւ երգի թեման.

«Այն հանկարծակի հայտնված սիրո մասին է. դա այնպիսի սեր է, երբ չգիտես էլ՝ լա՞վ է քեզ համար, թե՞ վատ: Մեր թիմն ուղղակի հրաշալի է: Երգի ստեղծման ողջ գործընթացում ներառված են՝ Սեբու Սիմոնյանը, Դեր Հովան, «Նվակ»-ի երգահանները եւ ես: Իսկ մեր գեղարվեստական ղեկավարը տաղանդավոր Արթուր Գուրունլյանն է»:

Թամարն արդեն եղել է եվրատեսիլյան բեմում: Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ փորձը կօգնի՞ նրան հաջողության հասնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծում.

«Ես մոտ 15 տարի երաժշտության մեջ եմ, կարծում եմ՝ իմ փորձն ինձ բերել է այս կետին, եւ դա ինձ կօգնի մրցույթի ընթացքում: Պատրաստ եմ ցույց տալու, թե ով է Թամար Կապրելյանը: Կարծում եմ՝ մարդիկ կհիանան մեր աշխատանքով: Երգը ժամանակակից մոտիվներով է, բայց իր մեջ պարունակում է էթնիկ հայկական էլեմենտներ: Մենք օգտագործել ենք հայկական ազգային գործիքներ»,-ասում է երգչուհին, որի նպատակն է «Եվրատեսիլ»-ում ցույց տալ հայաստանյան տաղանդներին.

«Առաջին հերթին ուզում եմ ցույց տալ թիմային աշխատանքի ուժը, եւ այն, որ հրաշալի թիմ ստեղծելը հաջողության մեծ գրավական է: Նաեւ ուզում եմ ցուցադրել հայկական տաղանդը, օրինակ՝ «Նվակ»-ի մեր ամենաերիտասարդ երգահանը 14 տարեկան է, նրա անունը Սանահին է: Կցանկանայի, որ նա էլ ինձ հետ գար «Եվրատեսիլ»՝ օգտագործելով այդ հարթակը իր կարիերայի զարգացման համար»,-եզրափակեց Թամարը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE