«Մանկական Եվրատեսիլ 2017». Հայաստանի պատվիրակ Միշայի «զոհողությունն» ու մրցույթի քվեարկության փոփոխությունը

16:50   15 նոյեմբերի, 2017

«Վստահ ենք, որ քո աշխատասիրությունը եւ շնորքը կգնահատվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ խոսելով «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Միշայի մասին:

Ասուլիսին ներկա՝ Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն էլ հույս հայտնեց, որ Հայաստանն այս տարի հաղթանակով կվերադառնա մրցույթից.

«Մենք տրամադրված ենք հաղթանակի: Վերջին մի քանի տարի Հայաստանը ծեծում է հաղթանակի դուռը. Բեթին, Միկան, նրանք բոլորն էլ կարող էին հաղթել, 1-2 բալի տարբերութուն էր: Միգուցե, այս տարի այդ դուռը բացողը լինի Միշան»,- ասաց նա:

««Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը պետք է հաղթի բարությամբ»,-համոզված է մրցույթի հայ պատվիրակ Միշան, որը նոյեմբերի 19-ին կուղեվորվի Վրաստան, որտեղ էլ նոյեմբերի 26-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը:

9-ամյա երգիչն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց իր տրամադրվածության եւ մրցակիցների մասին. «Մրցույթին շատ լավ եմ տրամադրված: Այնտեղ փորձելու եմ բարություն տարածել, որպեսզի այն բումերանգի պես վերադառնա մեզ: Իսկ մրցակիցներիցս շատ եմ հավանել Ավստրալիայի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի երգերը»,-նշեց Միշան`  ներկայացնելով փոքրիկ հատվածներ Ավստրալիայի եւ Բելառուսի ներկայացուցիչների ելույթներից:

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` մեր պատվիրակը հրաշալի ելույթ է ունենալու: Չցանկանալով դեռեւս բացել շատ մանրամասեր` պրոդյուսերը նշեց, որ բեմում Միշան միայնակ է լինելու, իսկ հագուստի հարցում նախընտրել են պարզությունը, որը կհամապատասխանի 9-ամյա երեխային:

Ինչ վերաբերում է հանուն իր երազանքի արված «զոհողությանը», Միշան նշում է` այս շրջանում չի հաճախում դպրոց, իսկ ամենասպասված նվերը հաղթանակի դեպքում Արցախի խաղաղությունն է:

Ի դեպ, այս տարի մրցույթի քվեարկության մեջ փոփոխություններ կան: «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` հեռուստադիտողը կարող է միանալ քվեարկությանը` սկսած նոյեմբերի 24-ից: Այն կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, եւ որ ամենակարեւորն է` Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Միշայի օգտին: Ձայները կբաշխվեն 50/50. հանդիսատեսի քվեարկությանը կգումարվեն ժյուրիի գնահատականները:

Հիշեցնենք, որ Միշան մրցույթին կկատարի «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան: 

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո՝ նոյեմբերի 26-ին: Բացի Հայաստանից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE