Ռեժիսոր Մարկ Շվանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

12:45   16 նոյեմբերի, 2017

Շոուբիզնեսի աշխարհում սեքսուալ սկանդալների շարքը շարունակվում է: Հիմա ռեժիսոր Մարկ Շվանին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանք են առաջադրել The Royals ու One Tree Hill («Թագավորական ընտանիքի անդամները» եւ «Մեկ ծառի բլուրը»)  սերիալների դերասանուհիներն  ու սցենարի կին հեղինակները (18 մարդ է ռեժիսորին մեղադրում անվայել վարքագծի մեջ)։

Ամերիկացի ռեժիսորին ու սցենարի հեղինակին արդեն հեռացրել են հեռուստասերիալներից։ Այս որոշման մասին ասվում է E! հեռուստաալիքի եւ Lionsgate կինոստուդիայի համատեղ հայտարարության մեջ։ Հեռուստաալիքի պրոդյուսերները, ճիշտ է, հանդիսատեսին վստահեցրել են, որ տվյալ որոշումը չի անդրադառնա հեռուստասերիալի հերթական՝ չորրորդ եթերաշրջանի թողարկման ժամկետների վրա։ Այն ցուցադրվելու է 2018-ի ընթացքում։ 

Variety-ն գրում է, որ ռեժիսորի նկատմամբ մեղադրանքներ է առաջադրել «Մեկ ծառի բլուր» հեռուստասերիալի  սցենարի հեղինակ Օդրի Ուոշոփը։ Նրա խոսքով՝ ոտնձգությունների է ենթարկվել նաև իր գործընկերուհին ու այլ կանայք։

«Թագավորական ընտանիքի անդամները» սերիալի դերասանուհի Ալեքսանդրա Պարկն էլ իր հերթին է պատմել Շվանի կողմից սեռական ոտնձգությունների մասին։

«Մարկ Շվանի ղեկավարությամբ աշխատելիս ես ենթարկվել եմ սեռական ոտնձգությունների ու տհաճ փորձ ունեմ այդ հարցում, որի մասին ուզում եմ նախազգուշացնել իմ ընկերներին ու գործընկերներին»,- հայտնել է դերասանուհին։



© NEWS.am STYLE