Ռեյխսթագի «մատույցներում» (ֆոտո)

17:13   27 ապրիլի, 2013

«Ռեյխսթագ» բառը հետսովետական պետությունների քաղաքացիների մոտ անմիջապես բազմաթիվ զգացողություններ է առաջացնում՝ ներշնչված վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերից: Առաջին հերթին, բնականաբար, վեր է հառնում պաթետիկ շարժուձեւով հիստերիկ ճառեր ասող ֆյուրերի կերպարը:

Հետո հիշողության մեջ առաջ են գալիս գեստապոն, Գիմլերը՝ Գերինգի եւ Գեբելսի հետ, իսկ որպես այս ամենի ավարտ՝ հայտնի լուսանկարը, որը պատկերում է սովետական հերոսներ Կանտարիային եւ Եգորովին՝ կարմիր դրոշը ռեյխսթագի տանիքին բարձրացնելիս:

Իրականում, «ռեյխսթագ» բառը («Reich»՝ պետություն եւ «tagen»՝ ժողովվել բառերից) գերմանական պառլամենտների բավական խաղաղ, ինչպես նաեւ այդ պառլամենտի նիստի անվանումն է: Բեռլինի խորհրդարանի շենքը, որ կոչվում է նաեւ ռեյխսթագ, կառուցվել է XIX դարի վերջին եւ դարձել ազգի խորհրդանիշը: Պատահական չէ դրա մուտքի հսկայական մակագրությունը՝ «Dem Deutsche Volke» («Գերմանական ժողովրդին»):

1933 թվականի տխրահռչակ հրդեհից հետո, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերի կատաղի մարտերի հետեւանքով շենքը զգալիորեն վնասվել է, բայց հետո, խաղաղ ժամանակներում, վերականգնվել է: Ներկայում այստեղ ԳԴՀ-ի բունդեսթագն է: Այսպիսին է ռեյխսթագի համառոտ պատմությունը:

Շենքին կարելի է մոտենալ ոչ պակաս հայտնի «Unter den Linden» փողոցով («Լորենիների ներքո»), որի երկարությունը 1390 մետր է, իսկ լայնությունը տեղ-տեղ հասնում է 60 մետրի: Բրանդենբուրգյան դարպասներին մոտ արդեն կարելի է տեսնել աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների:

Ցանկացողներն այստեղ կարող են լուսանկարվել «կենդանի արձանների», Բեռլինի խորհրդանիշ արջի, դաշնակից զորքերի համազգեստ հագած ստատիստների, ինչպես նաեւ չգիտես ինչ պատճառով այստեղ հայտնված «Գիշատիչ» ֆիլմի այլմոլորակայինների հետ: Ճանապարհին ուղեւորներին սպասում են հին ոճով ձեւավորված գեղեցիկ ձիաքարշ կառասայլերը:

Անցնելով Բրանդենբուրգյան դարպասները, թեքվում ենք աջ եւ մի քանի վայրկյան այց աչքերի առջեւ բացվում է ռեյխսթագը: Շենքը փոքր-ինչ ցածրադիր է, որը թաքցնում է նրա ոչ այնքան փոքր՝ 47 մետր բարձրությունը: Անփորձ զբոսաշրջիկի համար այնտեղ մտնելը դժվար է: Բանն այն է, որ հարկավոր է նախապես համացանցի հատուկ էջում հերթագրվել: Այնպես որ, այդ փոքրիկ նրբությունից անտեղյակ զբոսաշրջիկը ստիպված է ռեյխսթագի բազմաթիվ արձաններով եւ խորաքանդակներով հիանալ հեռվից:

Ալբերտ Խաչատրյան



© NEWS.am STYLE