Մայքլ Կորսը սովյալներին օգնելու համար ժամացույցների հավաքածու է ստեղծել

17:47   23 ապրիլի, 2013

Ամերիկյան նորաձեւության Michael Kors ապրանքանիշը Watch Hunger Stop նախագծի շրջանակում ժամացույցների բացառիկ հավաքածու է թողարկել:

Ըստ Fashiontime-ի, հավաքածուն ստեղծվել է լեգենդար Runway նմուշի մոտիվներով: Յուրաքանչյուր ժամացույցի վաճառքը հնարավորություն կընձեռի կերակրել 100 սովյալի: Michael Kors-ը համագործակցում է ՄԱԿ-ի Սննդի համաշխարհային ծրագրի հետ, որը զբաղվում է համաշխարհային մասշտաբով սովի դեմ պայքարի համար միջոցների հավաքագրմամբ: Ժամացույցների նոր մոդելները ներկայացվել են Նյու Յորքում կայացած տոնական ընթրիքի ժամանակ: Բոլոր մոդելները բացառիկ դիզայներական ձեւավորում ունեն:

Այս նախաձեռնությունն ապրանքանիշի առաջին բարեգործական նախագիծն է: Դիզայներ Մայքլ Կորսը հայտարարել է. «Մարդկանց կյանքի վրա զգալի ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ են ոչ միայն նշանակալի առիթ, այլեւ նշանակալի իրեր»:



© NEWS.am STYLE