The Weeknd-ը ամենահարուստ երիտասարդ աստղն է` ըստ Forbes-ի

12:17   17 նոյեմբերի, 2017

Ինչ, ինչ, բայց գոնե փողի հարցում The Weeknd-ի բախտն իսկապես բերել է։ Հանրահայտ երգչին լքել է Սելենա Գոմեսը, որը սկսել է հանդիպել իր նախկին բոյֆրենդի՝ Ջասթին Բիբերի հետ, իսկ The Weeknd-ն ինքը, ի պատասխան, հարաբերություններ է սկսել Բիբերի նախկին ընկերուհու՝ Բելա Հադիդի հետ։ Բայց հիմա խոսքը ոչ թե այդ մասին է, այլ փողի։

Հեղինակավոր Forbes ամսագիրը թողարկել է մինչեւ 30 տարեկան ամենաազդեցիկ եւ հարուստ աստղերի վարկանիշը։ Առաջին տեղում The Weeknd-ն է։ Նա մեկ տարում վաստակել է մոտ 92 մլն դոլար։

Երկրորդ տեղում 23-ամյա երգիչ Ջասթին Բիբերն է (83․5 մլն), իսկ երրորդ տեղում՝ 29-ամյա երգչուհի Ադելը (69 մլն դոլար)։

Հաջորդ տեղերում մարզիկներն են։ Չորրորդ տեղում բասկետբոլիստ Քեւին Դյուրանտն է, հինգերորդ ու վեցերորդ տեղերը կիսել են ամերիկացի ֆուտբոլի մարզիկ Էնդրյու Լակը (50 մլն դոլար) եւ գոլֆի մարզիկ Ռորի Մաքիլրոյը (50 մլն դոլար)։

Յոթերորդ ու ութերորդ տեղերում են հայտնվել բասկետբոլիստներ Ստեֆեն Քարին (47․3 մլն դոլար) ու Ջեյմս Հարդենը (46․6 մլն դոլար)։

Տասնյակն ամփոփում են երգչուհի Թեյլոր Սվիֆթը (44 մլն դոլար) ու Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները (41 մլն դոլար)։

 



© NEWS.am STYLE