Ինչպես հուսահատ նամակը փրկեց միայնությունից տառապող երիտասարդի կյանքը (ֆոտո)

18:02   17 նոյեմբերի, 2017

Այսօր, ցավոք, միլիոնավոր մարդիկ են տառապում միայնությունից. նրանցից շատերը հուսահատության պահին դիմում են ծայրահեղ քայլերի, սակայն միայնությունից տառապող Պատրիկ Քեյքիրլիի պատմությունը ոգեշնչել է շատերին:

«Ես հուսահատության մեջ եմ, ցանկանում եմ ձեռք բերել նոր ընկերներ: Ամբողջովին մենակ եմ, ու հիմա ապրում եմ իմ կյանքի ամենածանր օրերը»,-սոցիալական ցանցերից մեկում Պատրիկը նման անանուն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով նաեւ այն վայրի անունը, որտեղ սովորաբար լինում էր ցերեկվա ժամը 2-ից մինչեւ երեկոյան 8-ն ընկած ժամանակահատվածը:

Այս նամակը երիտասարդը տարածել էր մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, բայց նա չէր էլ կարող պատկերացնել, որ այն իսկապես կհասնի շատ մարդկանց, եւ որ շատերը կարձագանքեն իր խնդրանքին: Բայց հրաշքներ, այնուամենայնիվ, լինում են… 13 օգտատեր գնացել էր Պատրիկին տեսակցության: Նրանք իրենց աջակցությունն են առաջարկել միայնակ տղային: Երիտասարդն անասելի ցնցված էր այդ բարի քայլից: Նրա օրինակը ոգեշնչեց շատերին՝ հասկանալու, որ ինքնուրույն կարելի է պայքարել միայնության դեմ:

Պատրիկը մանկատանն է մեծացել: Սակայն ծնողների կողմից լքված լինելն այնքան չէր կոտրել տղային, որքան այն, երբ մեկ տարի առաջ նրա 6 տարվա ընկերուհին լքեց նրան: Դրանից հետո Պատրիկը նույնիսկ փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն, բարեբախտաբար, տղան շուտով ուշքի է եկել եւ որոշել ոչ թե հանձնվել, այլ պայքարել միայնության դեմ՝ փնտրեով նոր ընկերների:

«Իմ նոր ընկերներից շատերը, որոնք եկել էին ինձ տեսնելու, խոստովանեցին, որ իրենք էլ են ունեցել միայնության պահեր, սակայն մինչ իմ նամակը երբեք չեն խոստովանել այդ մասին»:

Այժմ Պատրիկն իր սեփական կայքն է ստեղծել, որի նպատակն է միավորել միայնակ մարդկանց, ունենալ մի հարթակ, որտեղ մարդիկ կարող են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE