Չինաստանում Victoria's Secret-ի շոուի կեղծ տոմսեր են վաճառում՝ 7-ից 35 հազար դոլարով

16:04   17 նոյեմբերի, 2017

Երբ տեղացիների խորամանկության զոհն եք դառնում՝ Պեկինում սովորաբար ասում են․ «Բարի գալուստ Չինաստան»։

Նոյեմբերի 20-ին Շանհայում անցկացվելու է Victoria's Secret Fashion Show-ն եւ, ինչպես արդեն հայտնել ենք,  միջոցառմանը չի մասնակցելու Ջիջի Հադիդը։

Բայց դա, անկեղծ ասած, առանձնապես մեծ դժբախտություն չէ, իսկ, ահա, շոուի երկրպագուների մոտ լուրջ խնդիրներ են սկսվել առցանց տոմսեր գնելու հետ կապված:

TMZ-ի փոխանցմամբ՝ շոուի երկրպագուները զանգվածաբար հայտնվում են կեղծ տոմսեր վաճառողների «ծուղակում»։ Չինական համացանցը հեղեղված է նման կեղծ տոմսերով։ Երկրպագուները հազարավոր դոլարներ են ծախսում, այսպես կոչված, «առաջնային մրցանակային տեղերի» համար, իսկ արդյունքում ձեռք են բերում կեղծ տոմսեր։ Բանն այն է, որ շոուի կազմակերպիչները ոչ մի տոմս չեն վաճառում, պարզապես հրավիրատոմսեր են ուղարկում շոուի այցելուներին։

Մինչդեռ այդ կեղծիքները էժան չեն՝ 7 -35 հազար դոլար։ 35 հազար դոլարանոց կեղծ տոմսերի հետ խոստանում են նաեւ ցուցադրությունից հետո երեկույթին մասնակցելու հնարավորություն։

Չինաստանի իրավապահները դեռ չեն կարողանում դադարեցնել կեղծ տոմսերի առցանց վաճառքը։ 



© NEWS.am STYLE