Քեթի Փերիին թույլ չեն տվել Չինաստան մուտք գործել՝ Victoria's Secret-ի շոուին մասնակցելու համար

18:28   17 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 20-ին Շանհայում անցնելու է Victoria's Secret Fashion Show-ն, բայց գալիք միջոցառման հետ կապված սկանդալներն արդեն իսկ սկսվել են։

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ շոուին չի մասնակցելու Ջիջի Հադիդը։ Նաեւ պարզվում է, որ Չինաստանում սկսվել է շոուի կեղծ տոմսերի համատարած վաճառք։

Բայց սա դեռ ամենը չէ։ Քեթի Փերիին, որը պետք է ելույթ ունենար Շանհայում Victoria's Secret-ի շոուի ժամանակ, Չինաստան մտնելու վիզա չեն տրամադրել։  

Page Six-ը գրում է, որ երգչուհուն սկզբում վստահեցրել են, որ նա կկարողանա ստանալ Չինաստանի վիզա, այնուհետեւ իշխանությունները փոխել են իրենց որոշումը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2015-ին Քեթի Փերին ելույթ է ունեցել Թայվանում՝ արեւածաղկի թեմայով զգեստով։ Այդ ժամանակ արեւածաղիկը Չինաստանի քաղաքականության դեմ բողոքողների խորհրդանիշն էր։

Երգչուհին նաեւ բեմին ծածանել է Թայվանի դրոշը, ինչը դուր չի եկել Չինաստանի իշխանություններին՝ հաշվի առնելով Թայվանի հետ երկրի լարված հարաբերությունները։



© NEWS.am STYLE