«Իմ երեխայի փոխնակ մայրը տեղյակ չէր՝ «պատվիրատուն» ով է. Քիմ Քարդաշյան

16:10   18 նոյեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթն իրենց երրորդ երեխայի ծնունդին են սպասում հունվարին: Ինչպես հայտնի է, երեխային, որն աղջիկ է, աստղերի համար լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը, ում ծառայության համար 45 հազար դոլար են վճարել:

Եվ մինչ 37-ամյա հայուհին փորձում է Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի հարսանիքին հաշտվել Բեյոնսեի հետ, The Real Daytime շոուն հրապարակել է Քիմի հետ հարցազրույցից մի հատված, որում Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը հայտարարում է, որ փոխնակ մայրը միայն վերջերս է տեղեկացել՝ ովքեր են երեխայի ապագա ծնողները:

«Նա սկզբում չգիտեր: Ընդհանրապես, դուք կարող եք անհայտ մնալ մինչեւ ծննդաբերության ավարտը, բայց ես որոշեցի, որ ավելի լավ է՝ նրան այդ մասին ասել: Գուցե նա դրանով կհպարտանա: Ես ցանկացա նրան այդ հնարավորությունը տալ, ես ցանկանում էի նրա հետ ընկերանալ, այդպես էլ եղավ: Պարզվեց, որ նա դիտում է իմ շոուն եւ ինձ համար սարսափելի ուրախ էր: Հիմա նա դրանով հպարտանում է»,- նշել է Քիմը:



© NEWS.am STYLE