Ջեֆրի Թեմբորը հեռացել է Transparent սերիալից՝ սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով

12:41   20 նոյեմբերի, 2017

Անցած շաբաթ 73-ամյա դերասան Ջեֆրի Թեմբորը հայտնվել էր սեքս սկանդալի կենտրոնում։

«Ոսկե գլոբուս», «Էմմի» ու «ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակաբաշխության» դափնեկիրը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Թեմբորը մեղադրվում է Transparent սերիալում իր գործընկերուհու՝ տրանսգենդեր Թրեյս Լիսեթի հանդեպ անվայել վարքագծի մեջ (սերիալում կատարում է Շեա անունով տրանսգենդերի դերը)։ Նա հավաստիացնում է, որ նկարահանումների ժամանակ դերասանը ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ։

Դերասանն ինքը խոստովանում է, որ վատ բնավորություն ունի ու կարող է երբեմն կոպիտ լինել, բայց ասում է, որ երբեք որեւէ մեկի հանդեպ ոտնձգություն չի կատարել։

Ի դեպ, ավելի վաղ սերիալի նկարահանման թիմից մի կին նույնպես դերասանին մեղադրել էր ոտնձգությունների մեջ։

Լիսեթը չի դիմել ոստիկանություն, իսկ Amazon ընկերությունը, որը նկարահանում է այս սերիալը, ներքին հետաքննություն է սկսել մեղադրանքի կապակցությամբ։

Իսկ հիմա հայտնի է դարձել, որ Amazon-ը չի երկարացրել դերասանի հետ պայմանագիրը նոր եթերաշրջանի համար, չնայած դերասանն ինքն էլ ցանկություն չի հայտնել շարունակել նկարահանումները՝ ստեղծված անառողջ մթնոլորտի պատճառով։

«Մոուրա Պֆեֆերմանի դերը եղել է իմ կարիերայի ամենամեծ ու կարեւոր փորձը։ Բայց հիմա հասկանալի է դարձել, որ սերիալում աշխատանքները այլ բնույթ են ստացել։ Սա այն չէ, ինչին ես համաձայնել եմ մի քանի տարի առաջ։ Աշխատանքային մթնոլորտը քաղաքականացվել է, ու ես այլեւս չեմ կարող նկարահանվել սերիալում՝ այդ թվում իմ ցանկությամբ»,- ասել է դերասանըDeadline-ին տված հարցազրույցում։



© NEWS.am STYLE