Ո՞վ է աշխարհը նվաճած հնդկուհին. մանրամասներ՝ «Միսս Աշխարհ 2017» տիտղոսակրի մասին

15:03   21 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում անցկացվեց «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը։

NEWS.am STYLE-ը որոշել է պարզել, թե ով է աշխարհը նվաճած հնդկուհին, ինչով է զբաղվում եւ ինչ լուսանկարներ է հրապարակում Instagram-ում։

Մանուշին 20 տարեկան է։ Նա վեցերորդ հնդկուհին է, որն արժանանում է «Միսս Աշխարհ» տիտղոսին։

17 տարի առաջ՝ 2000 թվականին, Հնդկաստանին այս մրցույթում հաղթանակ էր բերել երգչուհի եւ դերասանուհի Պրիյանկա Չոպրան։

Բայց վերադառնանք Մանուշիին։ Աղջկա ծնողները գիտնականներ են, իսկ նա՝ ապագա բժիշկ։

Բացի դա, Չհիլարը նաեւ պարում է։

Մասնակցելով Femina Miss India 2017 մրցույթին եւ հաղթելով, 20-ամյա աղջիկն ուղեգիր է ստացել դեպի «Միսս Աշխարհ 2017»։

Այստեղ արդեն նա հաղթող է ճանաչվել ոչ միայն բուն մրցույթում, այլեւ մինչ եզրափակիչն անցկացված մրցույթներում՝ Top Model, People's Choice, Multimedia, Beauty with a Purpose եւ այլն։

«Այնքան ուրախ եմ, որ իմ ազգին հպարտանալու առիթ եմ տվել։ Շատ ոգեւորված եմ այն ճանապարհով, որը պետք է սկսեմ»,- հաղթանակից հետո հայտարարել է հնդկուհին։ 



© NEWS.am STYLE