Հարվի Վայնշթեյնը մոդելին միլիոն դոլար է վճարել սեռական ոտնձգության մասին լռելու դիմաց

11:03   22 նոյեմբերի, 2017

Հոլիվուդի սեքս-սկանդալները շարունակվում են ու, անկեղծ ասած, դրանք արդեն հոգնեցրել են։ Այնպիսի տպավորություն է, որ սա նոր թրենդ է. այսքան տարի լռել են, իսկ հիմա հանկարծ բոլորը որոշել են խոսել։ Այն, որ Հոլիվուդի գրեթե բոլոր դերասանուհիները հասցրել են լինել Հարվի Վայնշթեյնի անկողնում ու հետո աստղեր ու միլիոնատերեր դառնալ, կարծես բոլորին էր հայտնի դեռ 90-ականներին, այդ դեպքում ինչո՞ւ է հիմա դրա շուրջ աղմուկ բարձրացել՝ պարզ չէ։ Բայց, ինչպես ասում էր Վինի Թուխը՝ «Այս բզզոցը պատահական չէ»։

Եվ այսպես, կիսով չափ իտալուհի, կիսով չափ ֆիլիպինուհի մոդել Ամբրա Բատիլանա Գուտյերեսը The New Yorker ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը  իրեն մեկ միլիոն դոլար է վճարել սեռական ոտնձգությունների մասին լռելու համար։

Մոդելի խոսքով՝ Վայնշթեյնը առաջարկել է իրեն ստորագրել պայմանագիր, որի համաձայն ինքը պետք է աղջկան գումար վճարեր, իսկ աղջիկն էլ պարտավորվում էր չպատմել այն մասին, որ Հարվին բռնել էր նրա կուրծքը ու փորձել ձեռքը մտցնել նրա կիսաշրջազգեստի տակ։ Աղջկա փաստաբանը խորհուրդ էր տվել համաձայնել՝ ասելով, որ այդպես ավելի լավ կլինի հենց նրա համար։

«Ես ընտանիքիս ու մորս մասին էի մտածում։ Մենք շատ աղքատ էինք։ Ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչի համար էին այդ բոլոր փաստաթղթերը։ Ես լրիվ մոլորված էի։ Ես վատ էի հասկանում անգլերեն։ Իսկ այդ պայմանագրի տեքստը շատ խրթին էր։ Կարծում եմ, նույնիսկ հիմա ես չեմ կարողանա ամբողջովին հասկանալ այն»,- ասել է Գուտյերեսը։

Պարբերականը նշում է, որ Վայնշթեյնը երկու անգամ նման պայմանագրեր է ստորագրել երկու այլ մոդելների հետ (բայց նրանց նա 350 000 դոլար էր վճարել), երբեմն էլ նրա եղբայր Բոբն էր հանդես գալիս միջնորդի դերում։ 



© NEWS.am STYLE