Շակիրան առաջին անգամ հանրությանն է ներկայացել՝ հյուրախաղերը չեղարկելուց հետո

15:39   22 նոյեմբերի, 2017

Օրերս American Music Awards 2017 մրցանակաբաշխության ժամանակ նրան ճանաչել են «Լավագույն լատինական երգչուհի», բայց նա չէր ներկայացել իր մրցանակը ստանալու։ Խոսքը տաղանդաշատ Շակիրայի մասին է, որին առաջին անգամ են տեսել ձայնալարերի հետ կապված խնդիրների պատճառով եվրոպական հյուրախաղերը չեղարկելուց հետո։

40-ամյա կոլումբացի երգչուհին մտադիր է օրգանիզմին հանգստանալու ժամանակ տալ, որպեսզի վերականգնի ուժերը։

Երգչուհին ձայնի որոշ խռպոտություն էր նկատել դեռ հոկտեմբերի վերջին։ Ըստ բժիշկների ախտորոշման՝ նրա ձայնալարերում արյան զեղում կա։

Եվ, ահա, հանրահայտ երգչուհուն տեսել են Բարսելոնայում։ Նա զբոսնում էր փողոցում, ի դեպ, առանց որեւէ շպարի։

«Իմ ընկերներ ու երկրպագուներ, վերջին հինգ ամիսները ես ամբողջովին նվիրել էի իմ «El Dorado» համաշխարհային շրջագայության նախապատրաստմանը։ Բայց վերջին մի քանի օրերն  ամենածանրն էին իմ կարիերայում։ Այս տարիներին ես երբեք նման իրավիճակում չէի հայտնվել։ Այդ իսկ պատճառով, ծանր սրտով ես հայտնում եմ, որ ստիպված եմ հետաձգել 2018-ին ծրագրված իմ եվրոպական շրջագայությունը, որպեսզի մի քանի շաբաթ հանգիստ տամ իմ մարմնին՝ վերականգնվելու համար»,- հայտնել էր երգչուհին։

 

Աղբյուրը՝  Daily Mail

 



© NEWS.am STYLE