Սերժ Թանկյանը զարդերի հավաքածու է թողարկել (ֆոտո)

16:02   22 նոյեմբերի, 2017

Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում, եւ սա ամենից լավ ապացուցում է SOAD-ի մեներգիչ Սերժ Թանկյանը:

Երաժիշտն իր Instagram-ի հետեւորդներին ցույց է տվել իր հեղինակած զարդերը:

«11 տարեկանից սկսած՝ ես օգնել եմ իմ հորեղբորն իր ոսկերչական բիզնեսում: Համալսարանն ավարտելուց հետո ես երկար ժամանակ աշխատել եմ նրա հետ: Ես նրանից շատ բան եմ սովորել առեւտրի, բիզնեսի եւ կյանքի մասին:

Այսպիսով, ինձ համար մեծ պատիվ է Leon's of Beverly Hills-ի համար իմ սեփական զարդերի հավաքածուի դիզայնով զբաղվելը: Ահա իմ առաջին աշխատանքը՝ «Աչք»»,- սոցցանցում հրապարակած լուսանկարներին կից գրել է նա:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը հոկտեմբերին ժամանել էր Երեւան, որտեղ ներկա է գտնվել իր հեղինակած «Օրկա» սիմֆոնիայի երեւանյան պրեմիերային:

«Ինձ համար հրաշալի է այն, որ իմ սիմֆոնիան հնչեց Հայաստանում: Շատ հիացա, տպավորվեցի եւ հուզվեցի: Շնորհակալ եմ նվագախմբին եւ Սերգեյ Սմբատյանին` հրաշալի աշխատանքի համար: Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, այստեղ են»,-պրեմիերայից հետո նշել է Թանկյանը:



© NEWS.am STYLE