Ոստիկանությունը նոր հետաքննություն է սկսել Քեւին Սփեյսիի դեմ

11:03   23 նոյեմբերի, 2017

Ոստիկանությունը նոր հետաքննություն է սկսել Քեւին Սփեյսիի դեմ, հայտնում է  The Guardian-ը։

Շոուբիզնեսի արեւմտյան աշխարհում սեքս սկանդալները շարունակվում են: Երեկ ուշադրության կենտրոնում Հարվի Վայնշթեյնն էր, նաեւ Նիք Քարթերը՝ Backstreet Boys խմբից, որը մեղադրվում է բռնաբարության մեջ։

Հիշեցնենք, որ սեքս սկանդալների մեջ է հայտնվել նաեւ Քեւին Սփեյսին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Խաղաթղթերի տուն» սերիալի ու այլ ֆիլմերի նկարահանումների ժամանակ գործընկերների հանդեպ Սփեյսիի իրականացրած սեռական ոտնձգությունների ութ դեպքերի կապակցությամբ։ Նաեւ լոնդոնյան «Օլդ Վիք» թատրոնը 20 ցուցմունք է տվել իր նախկին գեղարվեստական ղեկավարի՝ Սփեյսիի դեմ։

Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ ոստիկանությունը երկրորդ հետաքննությունն է սկսել Քեւին Սփեյսիի դեմ նոր մեղադրանքների փաստով։ Սփեյսիին մեղադրում են Լոնդոնում 2005-ին տղամարդու նկատմամբ ոտնձգություն գործելու մեջ։

Նշում են, որ այդ մեղադրանքները փոխանցվել են ոստիկանությանը «անցած ուրբաթ»։ Միջադեպը տեղի է ունեցել Լամբետ թաղամասում, որը գտնվում է Լոնդոնի հարավում։ Տուժածի անունը, որին անվանում են «զոհ 2» , չեն հայտնում։

«Երեխաների նկատմամբ բռնությունների ու սեռական հանցագործությունների դեմ պայքարի հարցերով բաժնի աշխատակիցները զբաղվում են հետաքննությամբ»,- հայտնել են ոստիկանությունից։



© NEWS.am STYLE