Ալեքսիս Օհանյանը՝ Սերենա Ուիլյամսին մատուցած անակնկալի մասին․ «Ամեն ինչ իմ թագուհու համար»

12:38   23 նոյեմբերի, 2017

Հայտնի է, որ Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի հարսանիքին ներկա էր արեւմտյան շոուբիզնեսի ամբողջ վերնախավը. հանդիսության հյուրերից էին Աննա Վինտուրը, Քիմ Քարդաշյանն ու Բեյոնսեն։

Vogue -ը հրապարակել է էքսկլյուզիվ կադրեր Նոր Օրլեանում տեղի ունեցած հարսանիքից, իսկ Սերենան Աննա Վինտուրի պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու է զույգը նոյեմբերի 16-ը ընտրել որպես հարսանիքի օր։

Ի դեպ, հարսանիքի ժամանակ Ալեքսիսը Սերենային ու բոլոր հյուրերին անակնկալ է մատուցել։ Երբ բոլորն արդեն բավականին գինովցած էին ու հասցրել էին լիաթոք պարել, Ալեքսիսը հյուրերին տարել է մի հարթակ, որտեղ կառուսել էր տեղադրված։ Մեծահասակ աստղերի մանկական ուրախությունն աննկարագրելի էր։

Սերենան նետվել էր ամուսնու գիրկը, իսկ Բեյոնսեն բաց չէր թողել պահը՝ կառուսելի վրա լուսանկարվելու համար։

Ալեքսիսն էլ այսօր իր  Instagram -ում անդրադարձել է հարսանիքի այդ պահին։

«Նրան դուր է եկել կառուսելով անակնկալը։ Ամեն ինչ իմ թագուհու համար։ Շնորհակալություն ընկերներիս օգնության համար»,- մակագրել է հրապարակված լուսանկարը Օհանյանը։



© NEWS.am STYLE