Միշան կերգի սքեյթ քշելով. «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի առաջին փորձերը (ֆոտո/վիդեո)

16:06   23 նոյեմբերի, 2017

Թբիլիսիում մեկնարկել են «Մանկական Եվրատեսիլի» փորձերը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Միշան իր «Բումերանգ» երգով:

Միշան եւս մասնակցել է փորձերին: Նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանը Facebook-ի իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել նրա փորձանական ելույթից եւ գրել.

«Միշան հիանալիորեն համապատասխանում է «Եվրատեսիլի» բեմին: Տեսախցիկը սիրում է նրան, նա՝ տեսախցիկը: Դա հեռուստատեսային մրցույթում շատ կարեւոր է»:

Ի դեպ, փորձերից պարզ է դառնում, որ Միշան եվրատեսիլյան բեմում ելույթ կունենա բումերանգի տեսքով սքեյթ քշելով:

Ի դեպ, այս տարի մրցույթի քվեարկության մեջ փոփոխություններ կան: Հեռուստադիտողը կարող է միանալ քվեարկությանը` սկսած նոյեմբերի 24-ից: Այն կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, եւ որ ամենակարեւորն է` Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Միշայի օգտին: Ձայները կբաշխվեն 50/50. հանդիսատեսի քվեարկությանը կգումարվեն ժյուրիի գնահատականները:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» անցկացվում է 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:

Բացի Հայաստանից, կմասնակցեն եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստանը:



© NEWS.am STYLE