Հաջորդ օրվա սպասը, 7-րդ զանգված չգնացող տաքսիներն ու վարդագույն կոմբինիզոնը. տոնական բլից հարցում՝ Շպռոտի հետ

12:06   1 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն Ամանորի վերաբերյալ բլից հարցում է իրականացրել հայտնիների շրջանում՝ պարզելու համար, թե ո՞րն է Նոր տարվա իրենց խորհրդանիշը, դնո՞ւմ են սեղանին խոզի բուդ, թե՞ ոչ, քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում իրենց տանը տոներից հետո եւ այլ զվարճալի հարցեր:

Այս անգամ մեր հարցման թիրախում է հայտնվել ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը:

Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ եւ ինչո՞ւ:

Սիրում եմ Ամանորը շատ, որովհետեւ լավ հիշողություններ ունեմ մանկությունից: Ափսոս՝ այստեղ ձյուն չի գալիս…

Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

Մանդարինի հոտը եւ ձյունը:

Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

Հաջորդ օրվա սպասը՝ համեմով: Մամայիս տոլման, քուրիկիս պասուց տոլման:

Ամենաչսիրած բանը Ամանորի եւ տոնական օրերի հետ կապված:

Հիմա՝ որ մենակ եմ: Իսկ Հայաստանում այդ օրերին տաքսիները չէին գալիս Նորքի 7-րդ զանգված:

Խոզի բուդ դնո՞ւմ եք Ձեր սեղանին :)

Ես այստեղ ոչինչ էլ չեմ դնում սեղանին, քանի որ աշխատում եմ այդ օրը, եւ ընտանիքս ինձ հետ չէ: Միայն տոնածառ եմ զարդարում:

Ամանորից հետո քանի՞ «բոնբոներկա» է հավաքվում Ձեր տանը ;)

Ոչ մի «բոնբոներկա» չի հավաքվում:

Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում Ամանորի սեղանի ուտեստների, դիզային եւ նվերների վրա:

Գումար չեմ ծախսում սեղանի համար, սակայն ընկերներիս համար նվերներ գնում եմ:

Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որեւէ մեկի տուն այցելելիս:

Կոսմետիկա, օծանելիք, «բոնբոներկա»:

Ամենուրախ Ամանորը, որ ունեցել եք:

Երբ հայրս դեռ կենդանի էր, եւ մեր հին տանը նկուղային հարկում էինք ապրում: Տոնածառ էինք զարդարում հորս եւ քույրիկիս հետ, հետո լույսերն անջատում էինք եւ երգում «Տոնածառ ջան, տոնածառը»:

Իսկ ամենատխո՞ւրը…

Առաջին տարին, երբ գիտակցեցինք, որ հայրս մեզ հետ չէ…

Կա՞ Նոր տարվա հետ կապված մի ցանկություն, երազանք, որն այդպես էլ չի կատարվել:

Ձմեռ պապիկից խնդրել էի փոռիկներով վարդագույն զգեստ, նա ինձ բերել էր վարդագույն բամազից կոմբինիզոն, որ չմրսեմ:

Ի՞նչ կմաղթեք հայ ազգին գալիք տարվա համար:

Խաղաղություն սահմանին, զինվորներին՝ ապահով ծառայություն: Բարեխիղճ հոգեւոր ղեկավարներ, նավթի հանքեր, ոսկու եւ ադամանդի մեծ պաշար:

Պատրաստեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE