«Առցանց քվեարկությունը լուրջ հետաքննության կարիք ունի». Գոհար Գասպարյանը՝ «Մանկական Եվրատեսիլի» մասին

12:02   27 նոյեմբերի, 2017

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Թբիլիսիում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Միշան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրել է Ռուսաստանը: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Վրաստանը, իսկ երրորդում՝ Ավստրալիան:

Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն ուներ առցանց քվեարկելու «Մանկական Եվրատեսիլի» կայքում։ Օգտատերերը կարող էին նույնիսկ սեփական երկրի ներկայացուցչի օգտին քվեարկել։

Սակայն մրցույթն սկսվելուն պես՝ առցանց քվեարկության հետ խնդիրներ առաջացան։ NEWS.am STYLE-ի թղթակիցը նույնպես փորձել է համակարգչից քվեարկել Միշայի օգտին, սակայն մասնակիցների անվան վրա սեղմելիս ցուցադրվել է նրանց երգի հոլովակը, իսկ քվեարկելու կոճակն այդպես էլ չի երեւացել կայքում։

Քվեարկության հետ կապված խնդրի մասին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է նաեւ մրցույթում մեր պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Սակայն քվեարկության հետ կապված խնդիրները չեն խանգարել Եվրոպական հեռարձակողների միությանը կատարել ձայների հաշվարկ։  Հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50: Եվ ուշագրավ է, որ ժյուրիի քվեարկության արդյունքներով՝ Միշան 3-րդ հորիզոնականում է եղել։ Այս կապակցությամբ Գոհար Գասպարյանն իր Instagram-ում գրել է.

«Միշա, դու հիասքանչ էիր։ Մենք սիրում ենք քեզ։ Դու արժանացար 3-րդ հորիզոնականին՝ ժյուրիի կողմից։ Առցանց քվեարկությունը թերի էր եւ լուրջ հետաքննության կարիք ունի»։

Հիշեցնենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էին եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:



© NEWS.am STYLE