Հինգ must have` 2017/2018 ձմեռային զգեստապահարանի համար

12:02   29 նոյեմբերի, 2017

Նորաձեւությանը հետեւող յուրաքանչյուր իրեն հարգող կնոջ զգեստապահարանում այս սեզոնին պետք 5 անհրաժեշտ must have լինի, որոնք ամբողջական եւ ոճային կերպար կստեղծեն:


Oversize փափուկ բաճկոն

Այս տարի փչած բաճկոններն ատողները ստիպված կլինեն այդ վերնազգեստի հանդեպ իրենց վերաբերմունքը փոխել եւ սեփական զգեստապահարանում «բնակեցնել» փափուկ բաճկոն: Չէ՞ որ հենց այս հագուստն է 2017/2018 աշուն-ձմեռ սեզոնին դարձել ամենատարածվածն ու արդիականը: Ընտրեք որքան հնարավոր է մեծ բաճկոն. նորաձեւությունը «կառավարում» են ծավալուն իրերը: Գույների հարցում կարող եք ըստ ցանկության փորձարկումներ կատարել՝ կարմիր, բորդո, երկնագույն, էլեկտրիկ, ժանգոտ ու պաստելային երանգներ, մետալ եւ փայլուն մակերեւույթ: Զիլ է, այնպես չէ՞:

Oversize սվիտեր

Առաջին սեզոնը չէ, որ ոճաբանները պնդում են, թե սվիտերները պետք է ծավալուն եւ լայն լինեն: Այս տարին եւս բացառություն չէ: Մի կողմ դրեք կիպ գրկող տրիկոտաժը մինչեւ «լավագույն» ժամանակներ կգան եւ գնեք խոշոր կամ միջին հյուսվածքով տաք, հարմարավետ սվիտեր: Սվիտերը պետք է երկար եւ լայն լինի, ուրիշի հագի շոր հիշեցնող: Այն հագեք ջինսով կամ մատիտ կիսաշրջազգեստով, կամ պարզապես որպես զգեստ: Ավելի լավ է նախապատվություն տալ հագեցած երանգներին՝ ինչպիսին են կարմիրը, երկնագույնը, նարնջագույնը, գինեգույնը, զմրուխտագույնը:


Փչած շարֆ

Այս տարի տարածվածության բարձրակետին են հայտնվել փչած շարֆերը, որոնք պատրաստված են փափուկ բաճկոնի սկզբունքով՝ աղվամազով: Դրանք առանձնապես էֆեկտիվ տեսք ունեն վերարկուի, սվիտերի կամ բարձրօձիք ջեմպերի հետ: Շարֆը կարելի է փաթաթել վզի շուրջը, իջեցնել ուսերին կամ իրանին կապել ինչպես գոտի: Փչած շարֆեր կարելի է գնել ցանկացած դեմոկրատական ապրանքանիշի՝ Zara-ի, Topshop-ի, Stradivarius-ի խանութներում:

Կաշվե բերետ

Եթե այս ձմռանը ստիպված եք գլխարկ գնել, ապա այն պետք անպայման բերետ լինի: Եվ ոչ թե սովորական, այլ կաշվե: Եթե զգեստապահարանի այլ տարրերի համար մենք կոչ ենք անում հետեւել վառ կամ պաստելային երանգներին, ապա կաշվե բերետը պետք է սեւ կամ բորդո լինի: Այսպիսի բերետը հրաշալի է համակցվում ե՛ւ ծավալուն փափուկ բաճկոնների, ե՛ւ կոսուխայի (կաշվե կարճ բաճկոն), ե՛ւ մուշտակի հետ: Այն կհամապատասխանի ցանկացած կերպարին եւ հագուստին՝ խաղացկուն նոտա հաղորդելով:

Բոտֆորտ

Կարծում եմ, որ այս սեզոնին բոլոր պահպանողականները պետք է հանձնվեն եւ ընդունեն այն փաստը, որ բոտֆորտը 2017 թվականի ամենատարածված կոշիկն է: Ու եթե ոճային եւ նորաձեւ տեսք ունենալու ցանկություն ունեք, ապա վազեք երկարացված երկարաճիտներ գնելու: Դիզայներները ձեզ համար ամենատարբեր մոդելներ են պատրաստել՝ ծնկից վերեւ, թավշե, զամշե, առանց բարձրակրունկի, սրածայր կամ քառակուսի քթով, կարմիր կամ մոխրագույն… Ամենադժվարը ընտրության հարցում կողմնորոշվելն է:


Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE