Բրիտանացի դերասանուհին Հարվի Վայնշթեյնին մեղադրել է բռնաբարության մեջ

13:45   28 նոյեմբերի, 2017

Հարվի Վայնշթեյն անունը շարունակում է մնալ սեքս սկանդալների կենտրոնում։ Variety պարբերականը գրում է, որ հանրահայտ պրոդյուսերին հիմա էլ բռնաբարության մեջ են մեղադրում, իսկ նրա The Weinstein Company ընկերությանը՝ սեքս առեւտրի։


Համապատասխան հայցը ԱՄՆ դաշնային դատարան է ներկայացրել բրիտանացի դերասանուհի Քադիան Նոբլը։ Նա վստահեցնում է, որ Վայնշթեյնը բռնաբարել է իրեն 2014-ի փետրվարին, Ֆրանսիայում, ու որ TWC ընկերությունը, այդ թվում՝ պրոդյուսերի եղբայր Բոբ Վայնշթեյնը, «կոծկել» են այդ գործը։ Քադիանը մանրակրկիտ նկարագրում է, թե ինչպես են Կաննում իրեն տարել այն հյուրանոց, որտեղ Հարվին էր ապրում, ու ինչպես են իրեն հարկադրել սեռական բնույթի գործողություններ կատարել։

Նոբլի խոսքով, այդ ծառայությունների դիմաց նրան խոստացել են դեր ֆիլմերից մեկում, բայց նա այդպես էլ այդ դերը չի ստացել։

Թե ինչ փոխհատուցում է պահանջում դերասանուհին՝ չեն հայտնում։ Հարվի Վայնշթեյնի մամուլի քարտուղարը հայտնել է, որ իր հաճախորդը հերքում է առանց երկկողմանի համաձայնության սեքսի մասին բոլոր պնդումները։



© NEWS.am STYLE