Հին ջինսերից նոր իրեր ստանալու գաղափարներ

18:10   25 ապրիլի, 2013

Հին իրերի կյանքը երկարացնելը կապված է ոչ այնքան խնայողության, որքան երեւակայության եւ ստեղծագործական մտքի հետ: Հավանաբար շատերն են առնչվել խնդրին, որ ափսոս է դեն նետել սիրելի ջինսերը, բայց եւ դրանք հագնելն այլեւս անհնար է: Եվ հին իրերի վերածնունդն ու դրանց նոր կյանք հաղորդելը դյուրին խնդիր չէ: NEWS.am STYLE-ն արդեն պատմել է, թե ինչպես կարելի է հին ջինսից պայուսակ պատրաստել: Իսկ այս անգամ Մարիամ Կարագյոզյանը կներկայացնի եւս մի քանի գաղափար, որոնք կարելի է կյանքի կոչել՝ ունենալով մի փոքր երեւակայություն եւ ջինսե կտոր:

«Ներկայացնենք հին ջինսե կտորների կրկնակի կիրառման որոշ հիմնական ուղղություններ.

1. Ջինսե կտորներից իրեր՝ պատրաստված patchwork տեխնիկայով. վերմակներ, ծածկոցներ, բարձի երեսներ, դեկորատիվ եւ բազմոցի բարձեր:

2. Նոթատետրի, տետրերի, գրքերի, օրագրերի կազմեր:

3. Ջինսը փափուկ կահույքի, արկղիկների եւ ինտերիերի այլ առարկաների պաստառի համար հրաշալի կտոր է:

4. Նոր իրեր՝ կարված հին ջինսերից. կիսաշրջազգեստներ, կիսատաբատներ, պայուսակներ, ինչպես նաեւ ուսապարկեր, գոգնոցներ, գլխարկներ, հողաթափեր:

5. Խոհանոցային անձեռոցիկներ, տաք թավայի կամ ափսեի տակդիրներ, բռնիչներ:

6. Զարդերի եւ զարդարանքների պատրաստում. դեկորատիվ ծաղիկներ, կրծքազարդեր, ականջօղեր, ուլունքներ եւ մանյակներ:

Վերափոխելուց եւ օգտագործելուց առաջ անպայման մաքրեք կեղտաբծերը եւ լվացեք «դարն ապրած» ջինսե իրերը:

Այնուհետեւ մտածեք ցանկալի վերջնական «արտադրանքը» կամ նախագիծը, մշակեք ձեւաթուղթը եւ ջինսե կտորի առավել շահավետ բաժանումը, կտրեք եւ հեռացրեք ավելորդ հատվածներն ու մասերը, ավելացրեք եւ գնեք անհրաժեշտ լրացուցիչ տարրերը:

Ապագա իրի մասնիկները կտրեք մշակված ձեւաթղթի համաձայն: Կարեք կամ սոսնձեք ստացված մասնիկները, միացրեք նոր իրին եւ հաճույքով օգտագործեք այն»:



© NEWS.am STYLE