Էլեն Դեջեներեսը պատմել է Մեգան Մարքլի հետ իր առաջին հանդիպման մասին ու խնդրել, որ իրեն հարսանիքի հրավիրեն

14:32   28 նոյեմբերի, 2017

Արքայազն Հարիի ու 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլի նշանդրեքի մասին գրում են արեւմտյան բոլոր լրատվամիջոցները։ 33-ամյա բրիտանացի արքայազնը պատրաստվում է իր հարսանիքին, իսկ հանրահայտ հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսն իր շոուի ժամանակ պատմել է Մեգան Մարքլի հետ իր առաջին հանդիպման մասին։

«Ես չգիտեի, որ առիթ եմ դարձել, որ Մեգանը կայացնի այդքան կարեւոր որոշում։ Նա ինքն է վերջերս հարցազրույցի ժամանակ հայտնել (ես այդ դեպքն առհասարակ չեմ հիշում, բայց եթե նա ասում է, ուրեմն նման բան եղել է), որ մի անգամ մտել է խանութ, որտեղ կենդանիներ են վաճառում, ու այնտեղ ինձ է տեսել, ու ես նրան հարցրել եմ՝ արդյոք նա շուն ունի։ Ստանալով բացասական պատասխան՝ խորհուրդ եմ տվել շուն պահել, ու նա իրոք դրանից հետո սկսել է շուն պահել։ Մեգանը վստահեցնում է, որ դա կարեւոր որոշում էր, որի համար ես եմ նրան ոգեշնչել։ Մեգա՛ն, եթե ինձ այդքան վստահում ես ու լսում իմ ասածները, ուրեմն ես քեզ մի խնդրանք ունեմ՝ հրավիրիր ինձ քո հարսանիքին, ու մեկ տոմսի փոխարեն ես չորս հարյուրն եմ ուզում»,- ասել է Էլենը՝ մատնացույց անելով դահլիճում նստած հանդիսատեսին։

«Դուք այնպես եք ոգեւորվել, ասես ձեզ իրոք հրավիրել են»,- հավելել է Էլենը։



© NEWS.am STYLE