Տուն՝ նորապսակների համար. արքայազն Հարին 10 մլն դոլարով առանձնատուն է գնել

16:05   28 նոյեմբերի, 2017

Արքայազն Հարին 10 մլն դոլարով առանձնատուն է գնել, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

33-ամյա արքայազնի ու 36-ամյա դերասանուհի Մեգան Մարքլի նշանադրությունն օրվա նորությունն է, ու այն շարունակում է բուռն քննարկվել արեւմտյան լրատվամիջոցներում։ Իսկ մինչ պարբերականները փորձում են կռահել, թե երբ, որտեղ ու ինչպես է անցնելու հարսանիքը, Daily Mail-ը վստահեցնում է, որ գիտի, թե որտեղ է ապրելու զույգը հարսանիքից հետո։


Պարբերականի աղբյուրներն իմացել են, որ Լաքինգթոն գյուղում գտնվող առանձնատունը, որի մոտակայքում անցել է արքայազն Հարիի մանկությունը, այսօր հանվել է տների վաճառքի մասին հայտարարություններ հրապարակող կայքից։


Լրագրողները փորձել են լուսանկարել առանձնատունն ու, ըստ ամենայնի, զույգն իրոք մտադիր է հենց այնտեղ բնակվել։


Գյուղն ունի 630 բնակիչ։ Բնակիչներից մի քանիսը լրագրողներին հայտնել են, որ ամբողջ օրվա ընթացքում առանձնատան մոտ տեսել են կոստյումներով մարդկանց, որոնք նման էին թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների։



© NEWS.am STYLE