Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի

13:26   29 նոյեմբերի, 2017

Հրապարակվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: Հայտնի է, որ Դմիտրի Խվորոստովսկին դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ առաջադրվել է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում՝ «Sviridov: Russia Cast Adrift» («Սվիրիդով. Հեռացող Ռուսաստան») սկավառակի համար։

Եվ հիմա ուրախ ենք տեղեկացնել, որ Տիգրան Մանսուրյանը եւս հեղինակավոր այս մրցույթի հավակնորդներից է: Նա առաջադրվել է «Լավագույն դասական ստեղծագործություն» եւ «Լավագույն երգչախմբային կատարում» անվանակարգերում՝ Requiem ստեղծագործության համար:

Ի դեպ, Մանսուրյանն ավելի վաղ՝ 2004 թվականին նույնպես առաջադրվել է «Գրեմմիի»՝ կրկին «Լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգում, սակայն մրցանակ չի ստացել:

Հիշեցնենք, որ «Գրեմմի»-ում իր առաջադրման մասին Օրբելյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր.

«Ես շատ ուրախ եմ այդ անվանակարգի համար: Եվ նշանակալի էր այն, որ հենց Դմիտրիի հոգեհացի օրն այդ նորությունը նրա ընտանիքն իմացավ: Իմանալով այդ մասին՝ Դմիտրիի ընտանիքը լաց եղավ»:

«Գրեմմի 2018» մրցանակաբաշխության արարողությունը կընթանա 2018-ի հունվարի 28-ին՝ Նյու Յորքում։



© NEWS.am STYLE