2018-ի ամանորյա խորհուրդներ՝ պետերբուրգցի վիզաժիստ Գայանե Վարդանյանից

16:08   24 դեկտեմբերի, 2017

Հայ աղջիկներին շատ հաճախ են հանդիմանում չափից ավելի շատ եւ ոչ ոճային դիմահարդարման համար, որը թաքցնում է նրանց բնական գեղեցկությունը եւ գռեհիկ է նայվում: Այսօր հանդես գանք մեր սիրելի տիկնանց պաշտպանությամբ եւ նշենք, որ մասնագետ չլինող մարդը կոսմետիկական թրենդների մեջ շատ հեշտ կխճճվի ու կմոլորվի:

Այս պատճառով NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Սանկտ Պետերբուրգի առաջատար վիզաժիստներից մեկի՝ Գայանե Վարդանյանի հետ, որպեսզի նա օգնի պարզել, թե այս տարի դիմահարդարման ինչպիսի միտումներն են արդիական եւ Դեղին շան տարին ինչ գույնի շրթներկով դիմավորել:

Գայանե, կասե՞ք՝ 2018 թվականին մեզ դիմահարդարման ինչպիսի՞ թրենդներ են սպասում:

Մի քանի սեզոն շարունակ տարածված էր նյուդ ոճի դիմահարդարումը: Նոր տարում արդիական կլինի դրան ավելացնել վառ շրթունքները, մետալիկ ստվերաներկերը, սլաքները, ըստ որում՝ բացարձակ տարբեր տեխնիկաներով: Ինչ վերաբերում է աչքերի հարդարմանը, ապա առաջիկա տարում ավելի լավ է կոպերի համար օգտագործել զանազան մետալիկ տեքստուրա: Կարելի է քաոսային ձեւով քսել, ինչպես ձեզ հարմար է, կամ հակառակը՝ գծել գրաֆիկական գունավոր գծեր:

Այս սեզոնին դարձյալ տարածված կլինեն վառ գույնի շրթունքները, բայց հեռու մնանք սովորական կարմրից կամ բորդոյից, եւ ընտրենք հետաքրքիր գույներ՝ հատապտղային, մուգ, նեոնային: Փայլը պետք է տեղ գտնի ոչ միայն ամսագրերի շապիկներին, այլ նաեւ շրթունքներին: Ճիշտ քսված փայլը շրթունքներին ճաճանչ կհաղորդի եւ կընդգծի դրանց գեղեցկությունը, եւ ի տարբերություն խիտ անփայլ շրթներկերի՝ ձեզ թույլ կտա բնական տեսք ունենալ:

Նորաձեւ են վարդագույնի բոլոր երանգները՝ այտոսկրերին, շրթունքներին, եղունգներին, կոպերին: Ուշագրավ է այն փաստը, որ վարդագույնը ձեր մաշկին թարմություն է ավելացնում եւ այն երիտասարդացնում: Դիրքերն աստիճանաբար զիջում են հստակ, ներկված, անբնական լայն հոնքերը: Դրանց փոխարինելու են գալիս բնական հոնքերը, որոնք ձեզ բնությունն է պարգեւել: Կարելի է ֆիկսացիայի համար թափանցիկ գել օգտագործել:

Դիմահարդարման մեջ ո՞րն է ամենագլխավորը: Ի՞նչ է պետք առաջին հերթին առանձնացնել:


Իմ կարծիքով՝ դիմահարդաման մեջ ամենագլխավորը խնամված, հավասար, լուսավոր եւ թարմ մաշկն է, հազիվ նկատելի չձանձրացնող ուրվագծումը եւ փարթամ, բայց հավաք հոնքերը:

Ամանորյա գիշերը ինչպիսի՞ դիմահարդարումն արդիական կլինի:

Կարծում եմ, որ ամանորյա գիշերը չարժի վանել այն ամենը, ինչ բերում է Դեղին շան տարին եւ ամեն ինչ անել համանման երանգներում: Դեղինը ոչ բոլորին է սազում: Առաջարկում եմ Ամանորը նշել 2018-ի նորաձեւ թրենդներով՝ վառ, փայլուն, հագեցած կամ մինիմալիստական, սակայն կոպերին մետալիկի շեշտադրմամբ:

- Ի՞նչ կանոններ կան դիմահարդարման եւ կնոջ կերպարի մյուս բաղադրիչների՝ մանիկյուր, հագուստ, սանրվածք, համադրության մեջ: Թվարկեք դրանցից ամենագլխավորները:

Ես կասեի, որ դիմահարդարման եւ կերպարի համադրության ինչ-որ որոշակի կանոններ կան: Սակայն արդեն անցյալում են այն ժամանակները, երբ կարելի էր պայուսակը համադրել կոշիկներին: Այդպես է նաեւ դիմահարդարման դեպքում: Գլխավորը, որ to much չլինի: Եթե դիմահարդարումը վառ է, ապա, իմ կարծիքով, չարժի այն լրացնել վառ գույնի եզունգներով կամ հագուստի տարրերով: Անձամբ ես սանրվածքում եւ կերպարում խիստ ոճ եմ սիրում, բայց շրթունքների վառ շեշտադրում:

- Իսկ առաջիկա սեզոնին ինչի՞ց է պետք հրաժարվել:

2018 թվականին անհրաժեշտ է հրաժարվել հստակ եզրագծումներից եւ ներկած հոնքերից:


Մարգարիտա Ավագյան




© NEWS.am STYLE