230 մլն դիտում՝ 24 ժամում. «Վրիժառուների» թրեյլերը ռեկորդ է սահմանել

16:05   1 դեկտեմբերի, 2017

Այս չորեքշաբթի Marvel Entertainment  ընկերության Youtube-ի ալիքով ցուցադրվել է Avengers: Infinity War («Վրիժառուներ․ Անվերջության պատերազմ») ֆիլմի թրեյլերը։ Օրը չավարտված՝ տեսահոլովակը դիտել է ավելի քան 35 մլն օգտատեր (հիմա այդ թիվն արդեն 55 միլիոնի է հասել)։

Ֆիլմի թրեյլերը ռեկորդ է սահմանել բոլոր մեդիա հարթակներում՝ 24 ժամում հավաքելով 230 մլն դիտում, գրված է ընկերության Twitter-ի էջում։

Ֆիլմում նկարահանվել են՝ Կապիտան Ամերիկան (Քրիս Էվանս), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի կրտսերը), Տորը (Քրիս Հեմսվորթ), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Սեւ այրին (Սքարլեթ Յոհանսոն), Հալքը (Մարք Ռուֆալլո), նաեւ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի հերոսները, որոնց դերերը կատարել են Քրիս Փրեթը, Զոուի Սալդանան ու այլք։

Ֆիլմի նոր մասում վրիժառուները եւ նրանց դաշնակիցները, որոնք նույնպես գերբնական հատկություններով են օժտված, կբախվեն տիեզերական սպառնալիքին՝ Տանոս բռնապետին։ Վերջինը փնտրում է հավերժության քարը՝ արտասովոր ուժի արտեֆակտեր, որը հավաքելով, կկարողանա փոխել իրականությունը։

Ֆիլմի պրեմիերան ծրագրված է 2018-ի ապրիլի 25-ին։

Նշենք, որ նախորդ ռեկորդակիրն էր «Այն» սարսափ ֆիլմի թրեյլերը (197 մլն դիտում՝ առաջին օրվա ընթացքում)։



© NEWS.am STYLE