Մեգան Մարքլի հագուստը համացանցային վաճառքի հիթ է դարձել՝ Նոթինգհեմ նրա առաջին պաշտոնական այցելությունից հետո

10:06   2 դեկտեմբերի, 2017

Քեյթ Միդլթոնը լուրջ մրցակցուհի է ձեռք բերել։ Արքայազն Հարիի հարսնացուն՝ 36-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլն, ըստ երեւույթին, Քեյթին կզրկի «Բրիտանական ոճի կուռք» տիտղոսից։ Այն օրը, երբ հայտնի դարձավ արքայազն Հարիի նշանադրության մասին, բրիտանացիներն արդեն սկսեցին ուշադրություն դարձնել ամերիկուհու նրբաճաշակ ոճին, իսկ երեկ, երբ Հարին ու Մեգանն առաջին անգամ պաշտոնապես որպես նշանված զույգ Նոթինգհեմ էին այցելել, Մարքլի հագուստի ու կոշիկի ապրանքանիշների արտադրանքը հաշված րոպեներում սպառվել է առցանց վաճառքի միջոցով։

Մեգանն իր առաջին պաշտոնական այցելության համար ընտրել էր Mackage ապրանքանիշի քաշմիրից երկարափեշ վերարկու (750 դոլար), Wolford-ից սեւ փակ վզով բլուզ (250 դոլար), Joseph կիսաշրջազգեստ (800 դոլար), Kurt Geiger երկարաճիտ կոշիկ (265 դոլար) եւ Strathberry պայուսակ (675 դոլար)։ Վերարկուն, կիսաշրջազգեստն ու պայուսակը մինչեւ օրվա վերջ արդեն ամբողջությամբ վաճառվել էին։

Դրան հավելենք նաեւ կանադական LINE ապրանքանիշի սպիտակ զգեստը, որով Մեգանը լուսանկարվել էր արքայազն Հարիի հետ առաջին ֆոտոշարքում. այն նույնպես հաշված ժամերի ըթնացքում գնվել էր։

Մարքլի կերպարի վրա աշխատում է 37-ամյա կանադացի ոճաբան Ջեսիկա Մալրունին, որն, ի դեպ, Մեգանի ընկերուհին է։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE