Երեւանցի աղջիկները նախընտրում են մրգային պիլինգը

20:08   4 դեկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել կոսմետոլոգիական գոծողությունները, որոնք մեր հայ աղջիներին ու կանանց կա՛մ շատ են դուր գալիս, կա՛մ ընդամենը փորձում են տեղ նվաճել սիրելի տիկնանց սրտերում: Այսօր բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Այվազյանը կներկայացնի մրգային պիլինգը, որը ոչ միայն արմատախիլ է անում եղած մաշկային խնդիրները, այլեւ հրաշալի է համապատասխանում պլաստիկ վիրահատությունից առաջ դեմքի մաշկը նախապատրաստելուն:

Այս պիլինգի գլխավոր արժանիքն այն է, որ ամենաանվտանգ եւ ոչ վնասվածքային գործողությունն է համարվում: Մրգաթթուներն ազդում են միայն մեռուկացած բջիջների վրա, սակայն ամենեւին չեն վնասում մաշկի առողջ հատվածները: Գործողությունից առաջ մաշկը փրփուրով մաքրում են աղտոտվածությունից եւ դիմահարդարումից: Այնուհետեւ բարակ շերտով թթու է քսվում, որը դեմքի վրա է մնում 3-ից գրեթե 10 րոպե: Երբեմն պիլինգի համար նախատեսված մրգային լոսյոններից կարելի է թեթեւակի այրոցի եւ ծակծկոցի զգացում ունենալ, բայց դա հազվադեպ է պատահում: Այնուհետեւ մաշկը չեզոքացնում են փափկեցնող եւ հանգստացնող միջոցներով, իսկ մաքրող գործողության ավարտին դեմքը խոնավացնում են սնուցող քսուքով կամ սերուցքով: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է դեմքի ուլտրաձայնային մաքրում կատարել պիլինգի լավագույն էֆեկտ ստանալու համար: Մրգային պիլինգները հարթեցնում են մանր կնճիռները, ակտիվացնում օրգանիզմի իմունիտետը, նաեւ նպաստում են վերքերի հետքերի եւ սպիների ապաքինմանը:

Հիշեք, թե «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից Սամանթա Ջոնսը երեկույթից առաջ ինչպես էր հաճախում մրգային պիլինգի: Իսկ հետո միջոցառման ժամանակ ստիպված էր դեմքը քողի տակ թաքցնել, քանի որ դրանից հետո մաշկը նկատելիորեն կարմրել էր: Սակայն մի քանի ժամ հետո նա նկատել է երիտասարդանալու արդյունքը: Իհարկե, այդպիսի բան կարող է պատահել: Սակայն բժիշկ-կոսմետոլոգը ներգործության խորությունն ընտրում է ըստ ձեր մաշկի տեսակի, ուստի կարմրություն կարող է ընդհանրապես չառաջանալ: Հակառակը՝ մաշկը հաճելի երանգ է ձեռք բերում եւ նույնիսկ փայլում է:

Մրգային պիլինգը սովորական կոսմետոլոգիական գործողություն է, որը մտնում է խնամքի թերապիայի մեջ: Դեմքի մաշկի մաքրումը ձեզնից 60 րոպեից ավելի չի խլի, իսկ ծառայության արժեքն է 15 հազար դրամ:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE