«Սարսափելի է, որ ոստիկանը, որը կոչված է պաշտպանելու, դեպքի վայրից հեռանում է». Ելենա Բորիսենկոն՝ իր շան վթարի մասին

12:51   4 դեկտեմբերի, 2017

Այսօր առավոտյան դերասանուհի Ելենա Բորիսենկոյի շանը՝ Ուլֆին, զբոսանքի ժամանակ հարվածել է ոստիկանական ավտոմեքենա, ինչի արդյունքում շան ոտքը վնասվել է: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց դեպքի մանրամասներից՝ արտահայտելով իր դժգոհությունը տվյալ ոստիկանի պահվածքի վերաբերյալ, որի ավտոմեքենայի համարները Ելենան չի կարողացել ֆիքսել.

«Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում: Հստակ չեմ կարող նշել ժամը: Զբոսնում էինք օպերայի տարածքում, երբ շունս դուրս եկավ Տերյան փողոց եւ հայտնվեց կենտրոնում: Ես նկատեցի, որ վերեւից ոստիկանական ավտոմեքենա է գալիս, ընդ որում՝ բավականին արագ: Ձեռքով-ոտքով ցույց տվեցի, որ կամաց վարի, որպեսզի շունս հասցնի անցնել փողոցը:

Նա իսկապես դանդաղեցրեց ընթացքը, բայց մեքենան, այնուամենայնիվ, հարվածեց իմ շանն ու սլացավ առաջ: Ոտքը դրեց գազին ու փախավ: Ես այնպես էի բղավում, որ երեւի տարածքի բնակիչներին արթնացրեցի առավոտյան, ավտոմեքենայի հետեւից էի բղավում, որ գոնե կանգներ: Իմ ձայնից նա կանգնեց, նայեց, որ շունս քայլում է, նորից շարունակեց ճանապարհը, հասավ Թումանյան փողոց, կանգնեց, իսկ երբ նկատեց, որ ես քայլում եմ իր կողմ, թողեց ու գնաց»,-պատմում է դերասանուհին, որը հուսով է՝ շունը բացի ոտքի վնասվածքից այլ վնասվածքներ չի ստացել:

«Ավելի լուրջ հետազոտությունից հետո կհասկանամ՝ ներքին վնասվածքներ ստացե՞լ է, թե՞ ոչ: Ինձ համար ուղղակի վիրավորական  եւ սարսափելի է այն փաստը, որ այն ոստիկանությունը, որը կոչված է մեզ պաշտպանելու, դեպքի վայրից թողնում հեռանում է: Համաձայն եմ, թող կանգներ, ինձ վրա բարկանար, թե ինչու եմ շանս փողոց բաց թողել, բայց ոչ անտարբերությամբ թողներ ու փախչեր»,-ասում է Ելենան, որը դեպքի մասին արդեն հայտնել է ոստիկանությանը: Դերասանուհին նշեց, որ գործի հետագա ընթացքի մասին մեզ տեղյակ կպահի:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE