«5 պլյուս»՝ առաջին վեբ-սերիալը Հայաստանում (ֆոտո/վիդեո)

13:47   4 դեկտեմբերի, 2017

Հայաստանում առաջին վեբ-սերիալն է նկարահանվել, որը կոչվում է «5 պլյուս»։ Սերիալի այս ժանրը նորություն է հայաստանյան ֆիլմարտադրության ոլորտում եւ, որպես նորություն, արդեն իրենից մեծ հետաքրքրություն է  առաջացնում:  NEWS.am STYLE-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր եւ սցենարի հեղինակ Արփի Վանյանը նշեց, որ սերիալը հասանելի է YouTube-ում։ 

««5 պլյուսը» երիտասարդական, մանկապատանեկան սերիալ է, որի հերոսները ընտանիքի հինգ երեխաներն են ու նրանց շրջապատող այլ մարդիկ։ Նրանց հայրն ու մայրը խոպանում են, եւ տատիկի խնամքին մնացած ընտանիքը որոշում է գյուղից տեղափոխվել Երեւան։ Պատմությունն ինչ-որ առումով նաեւ սոցիալական տարրեր է պարունակում, ցույց է տալիս երեխաների ադապտացիան մայրաքաղաքի կյանքին եւ այլն»,-ասաց պրոդյուսերը:

Իսկ ի՞նչ է վեբ-սերիալը, ինչ նպատակներ են հետապնդում ստեղծագործական թիմի անդամներն ու ինչ պլաններ ունեն. Արփի Վանյանը նշում է.

«Վեբ սերիալը սերիալի մի տեսակ է, որը ստեղծվում է համացանցի միջոցով ցուցադրելու համար, թեկուզ չի բացառվում, որ այն հետագայում կարող է հեռարձակվել նաեւ հեռուստատեսությամբ: Այս ժանրը վերջին ժամանակներում մեծ թափ է հավաքել, եւ պատճառն այն է, որ օր օրի աճում է համացանցից օգտվողների բանակը: Մարդիկ,  մեծ  մասամբ երեխաներն ու երիտասարդները, իրենց հետաքրքրող ողջ տեղեկատվությունը ստանում են համացանցից,  ինչպես նաեւ  հենց համացանցում տեղադրված ֆիլմերն ու սերիալներն են դիտում: Միայն այն, որ  յութուբյան բլոգերները միլիոնավոր  հետեւորդներ ունեն, արդեն հերիք է՝ հասկանալու, որ ապագան համացանցինն է, ուստի նաեւ վեբ-սերիալներինը»:

Վեբ սերիալի պրոդյուսերը նշեց, որ հայտնի դերասանների հետ մեկտեղ՝ Արմեն Թադեւոսյան, Գայանե Մկրտչյան, ԳՌԱՖՍԵՐ, սերիալում խաղում են նաեւ  տաղանդավոր երեխաներ եւ արվեստի դպրոցի ուսանողներ: 

Հավելենք, որ «5 պլյուսը» թողարկվելու է շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին։



© NEWS.am STYLE