Մահացել է ֆրանսիացի լեգենդար ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը

09:20   6 դեկտեմբերի, 2017

74 տարեկանում մահացել է «ֆրանսիական ռոքի կուռք» Ջոնի Հոլիդեյը, հայտնում է Le Figaro-ն: Կուլտային երգիչը, ինչպես նրան անվանում են հայրենիքում՝ «ֆրանսիական ռոքի վերջին լեգենդը», մահացել է 74 տարեկանում:

Նրա մահվան մասին հայտնել է երգչի կինը՝ Լետիսիան:

«Ջոնի Հոլիդեյը հեռացավ, ես այս բառերը գրում եմ՝ դրանց չհավատալով, բայց դա, միեւնույն է, ճշմարտություն է, ամուսինս այլեւս չկա, նա մեզ լքեց այսօր երեկոյան: Նա իր ամբողջ կյանքն ապրեց խիզախությամբ ու արժանապատվությամբ»,- նշված է նրա հայտարարության մեջ:

Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը՝ Ժան-Ֆիլիպ Լեո Սմետ) ծնվել է 1943 թվականի հունիսի 15-ին՝ Փարիզում: Իր կարիերայի ընթացքում կատարել է 400-ից ավելի համերգային շրջագայություն, որոնք դիտել է ավելի քան 15 մլն հանդիսատես: 2005 թվականին վաճառվել է նրա մոտ 80 մլն սկավառակ, Հոլիդեյի 18 ալբոմ պլատինե է դարձել: Նա նաեւ մեծ թվով երգեր է գրել շանսոն ոճով եւ երաժշտություն՝ ֆիլմերի համար:



© NEWS.am STYLE