«Բնական մորթուց «շուբկա» ունենալու երազանքն այլեւս չի տարածվի երիտասարդ սերնդի վրա». Թերեզա Ղարաբաղցյանը՝ ձմեռային թրենդների եւ հակաթրենդների մասին

21:05   6 դեկտեմբերի, 2017

Ցանկացած սեզոնի հետ փոխվում է նաեւ նորաձեւությունը՝ ի հայտ են գալիս նոր թրենդներ, մոռացվում են հները: Ձմեռային նորաձեւությունը եւս ունի իր կանոնները: Դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանի հետ փորձել ենք պարզել, թե որոնք են այս ձմռան գլխավոր թրենդները.

«Ինքս ինձ կրկնած կլինեմ`այս միտքը նորից մեջբերելով բայց նորաձեւությունն ավելին է, քան միայն գործվածքները, ձեւվածքները, գույները, համադրությունները, եւ թրենդներն էլ ժամանակի ազատության, վարքագծի, ձգտումների, աշխարհընկալման մասին են: Այս ձմռան թրենդներն էլ, բնականաբար, գալիս են բնորոշելու ժամանակակից կերպարները: Այս պահին առանձնացնելով եւ խոսելով միայն կանանց մասին՝ կարող եմ ասել, որ թրենդային է այն, ինչ բնորոշ է ավելի ազատ մտածողության, լայն աշխարհընկալում ունեցող, ինքն իր եւ միջավայրի (նկատի չունեմ միայն մարդկանց, այլեւ բնությունը եւ այլն) հետ ներդաշնակության ձգտող, ինչպես նաեւ հումանիստ կնոջ տեսակին»,-ասում է Թերեզան՝  բացահայտելով սեզոնի ոչ միայն թրենդները, այլեւ հակաթրենդները.

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի սկսել ձմեռային վերնահագուստից: Այսպես, հակաթրենդ են համարվում կարճ (օրինակ` գոտկատեղից) վերարկուները, գոտկատեղի հատվածում կտրվածք ունեցող, նստացրած եւ հետո կակաչանման լայնացողները, մարմնի կազմությունն ընդգծող (նստացրած) վերարկուները, ինչպես նաեւ մինչեւ պարանոցի հատվածում նեղ կոճկվողները:  Փոխարենը թրենդային է համարվում լայն ձեւվածքով, միջին երկարության (միդի), ազատ, հարմարավետ, կարծես թե ոչինչ չպարտադրող վերնահագուստը: Այստեղ դոմինանտող են, օրինակ, իսկապես շատ տաք ու փափուկ բաճկոնները (պուխավիկ):

Այս շարքում նույն սկզբունքով նախընտրելի են վերարկուները»:

Դիզայների խոսքով՝ առավել թրենդային են բաց գույները. «Դա փոքր-ինչ դեռևս հեռու է մեր՝ ձմեռային վերնահագուստի մասին ունեցած պատերացումներից. ուղղակի քայլեք փողոցում եւ կհամոզվեք»,-ասում է նա:

Այս ձմեռ նորաձեւ է նաեւ որեւէ գույնի ամբողջական համադրությունը (total look), օրինակ մոխրագույնը, սպիտակը, բաց վարդագույնը, կարմիրը եւ այլն:

«Այս ձմռանը շատ արտահայտիչ կերպով նորաձեւություն են վերադարձել նաեւ դուբլյոնկաները. լայն, առանց ընդգծված գոտկատեղի եւ ոչ շատ կարճ»,-ասում է Թերեզը՝ հավելելով.

«Ձմեռային վերնահագուստի հաջորդ կարեւոր թրենդը, որի մասին խոսում են «բոլորը», արհեստական մորթիներն են (շուբաները), հատկապես վառ արտահայտիչ գույներով եւ նախշերով: Սա գալիս է բնապահպանական ձգտումներից եւ արդեն լայնորեն կիրառվում է պրակտիկայում: Փաստորեն, սովետական կանանց բնորոշ՝ բնական մորթուց «շուբկա» ունենալու երազանքն այլեւս չի տարածվի ավելի երիտասարդ սերնդի կոկետուհիների վրա:)

Սեզոնի թրենդային համադրություններ ստանալու ամենահրաշալի աքսեսուարն էլ մնում է շարֆը, որը սեզոնին նորաձեւ է առավել բարդ լուծումների կիրառմամբ:

Նախընտրելի են շատ լայն եւ հաստ գործվածքներից շարֆերը, որոնք առանձնապես պետք է կապ չունենան համադրության մեջ կիրառվող այլ աքսեսուարների հետ, հատկապես՝ գլխարկի: Սեզոնի հակաթրենդներից մեկն էլ հենց դա է, երբ համադրվում է նույնանման գլխակն ու շարֆը: Անհրաժեշտ է, որ գործվածքային կամ գոնե գունային տարբերությունը նկատելի լինի»: 

Ինչ վերաբերում է տաբատներին՝ Թերեզի խոսքով այս սեզոնին նորաձեւ է այն, ինչը բոլոր տաբատների մեջ ամենահարմարավետն է սեզոնին. «Խոսքը կյուլոտների մասին է: Այն ամենահարմար չափսն է, որով կարելի է հանգիստ քայլել մեր փողոցներով եւ չմտածել տաբատը կեղտոտելու մասին: Նաեւ հեշտ է համադրել ցանկացած տիպի ձմեռային կոշիկների հետ եւ վեջապես ազատվել տաբատի վրայից երկարաճիտ կոշիկները հագնելու սովորությունից, ինչը սեզոնի ամենաշեշտադրվող հակաթրենդներից մեկն է համարվում»:

Իսկ սեզոնի մեգաթրենդային համադրություն ստանալու համար դիզայները խորհուրդ է տալիս ընտրել միդի լայնացնող կիսաշրջազգեստ, որը գալիս է փոխարինելու բոլոր այլ տիպի կիսաշրջազգեստներին:

«Մեկ զրույցի ընթացքում ամեն ինչից խոսել դժվար թե ստացվի: Վերջում ավելացնեմ, որ կարելի է սիրել ձմեռը հենց թեկուզ տաք, հարմարավետ ու ջերմ հագնվելու համար»,-եզրափակեց Թերեզը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE