«Քիմը ստեղծում է լավագույն գլամուրային շոուն». Vogue-ը՝ Քիմ Քարդաշյանի շոուի մասին

10:10   7 դեկտեմբերի, 2017

Եվ այսպես, մենք երեկ գրել ենք, որ Քիմ Քարդաշյանը իր նոր շոուն է նկարահանում, ավելի ճիշտ մրցույթ՝ Glam Masters անվանումով։ Մի քանի ամսվա ընթացքում հայուհին ու շոուի կազմակերպիչները քասթինգի միջոցով ընտրում էին ծրագրի մասնակիցներին, որը փետրվարին է եթեր հեռարձակվելու։

Շոուն վարելու է Լավերնա Քոքսը (հայտնի սեռափոխ դերասանուհին «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալից)։ Շոուն գեղեցկության կոսմետիկ մրցույթ է, որտեղ մասնակիցներին գնահատելու են Քիմի վիզաժիստը՝ Մարիո Դեդիվանովիչը, YouTube մեյքափի փորձագետ Քենդի Ջոնսոնը, ու Milk Makeup-ի հիմնադիր Զաննա Ռոբերթս Ռասսին։

Vogue-ը գրել է ՔԻմ Քարդաշյանի նոր շոուի մասին: Ամսագրի STYLE բաժնի խմբագիր Էդվարդ Բարսամյանը նշել է․ «Թույլ տվեք Քիմ Քարդաշյանին ստեղծել լավագույն գլամուրային ռեալիթի շոուն»։ Պարբերականի գնահատականով՝ Քիմի շոուն դեռ մինչեւ ցուցադրումը մեծ վարկանիշ կունենա, քանի որ այն ամենը, ինչին դիպչում է Քիմ Քարդաշյանի ձեռքը, հետագայում ոսկու է վերածվում։

Ամսագիրը գրում է, որ շոուի մեջ ներառված են լինելու բյութի բլոգերներ, որոնք մրցելու են ամեն շաբաթ գլխավոր մրցանակը նվաճելու համար (թե դա ինչ է՝ չեն հայտնում)։ Շոուի յուրաքանչյուր դրվագը մեկ դժվար առաջադրանք է, որը պետք է կատարեն մասնակիցները։

 



© NEWS.am STYLE