Ալյոնա Թադեւոսյանը Հայաստանը ներկայացնում է World Miss University մրցույթում (ֆոտո/վիդեո)

13:24   7 դեկտեմբերի, 2017

Մոդել Ալյոնա Թադեւոսյանն այս օրերին Կամբոջայում է, որտեղ անցկացվում է World Miss University գեղեցկության մրցույթը, որի ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողուհին ներկայանում է Հայաստանի դրոշի ներքո: Այն տեւելու է մինչեւ դեկտեմբերի 20-ը: Մրցույթին մասնակցելու առաջարկը մոդելը ստացել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի»  նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ալյոնան մանրամասներ է ներկայացրել մյրցույթի ընթացքից, ինչպես նաեւ կիսվել իր սպասումներով.

«Մրցույթն անցկացվելու է երեք փուլերով՝ երեկոյան զգեստ, լողազգեստ եւ տարազ, որի հեղինակը Լիլիթ Մելիքյանն է: Տարբեր երկրներից ժամանած մոտ 80 աղջիկ մասնակցում է այս մրցույթին»:

Ալյոնան նշում է՝  մարտական է տրամադրված. «Թեեւ ժամանեցի ու մի փոքր տհաճ «անակնկալ» եղավ ճամպրուկիս հետ կապված, բայց աշխատում եմ չկենտրոնանալ դրա վրա եւ շարունակում եմ նույն ոգով: Բացի այդ՝ մրցույթի ֆեյսբուքյան էջում տեսնելով իմ լուսանկարի հավանությունների թիվն ու համեմատելով իմ մասին հոլովակը մյուս երկրների ներկայացուցիչների հոլովակների հետ՝ մեծ ակնկալիքներ ունեմ: Ի դեպ, շատ աղջիկներ մոտենում են ինձ եւ ասում, որ իրենց ազգային տնօրենների համար էլ ես ֆավորիտների շարքում եմ: Համենայն դեպս, այս պահին ոչինչ չեմ կարող կանխատեսել: Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին եւ ընտանիքիս անդամներին՝ եղբորս գլխավորությամբ, որ այս ընթացքում իմ կողքին են: Կցանկանայի նաեւ հորդորել մեր հայրենակիցներին, որ ակտիվ լինեն օնլայն քվեարկության ժամանակ (wmu.world կայքում) եւ քվեարկեն 47 համարի՝ այսինքն իմ եւ Հայաստանի օգտին»,-եզրափակեց մոդելը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Ալյոնա Թադեւոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE