Exclusive. «Հույս ունեի՝ երազանքս մի օր կկատարվի». Արծվիկը՝ որպես դիզայներ ներկայանալու եւ իր հավաքածուի մասին

13:32   8 դեկտեմբերի, 2017

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը որոշել է իրականացնել իր տարիների երազանքն ու ներկայանալ որպես դիզաներ: Երգչուհին շուտով կներկայացնի իր հավաքածուն, իսկ թե ինչպիսին կլինի այն, Արծվիկը բացառիկ զրույցի ընթացքում պատմել է NEWS.am STYLE-ին:

Երգչուհի-դիզայները խոսել է նաեւ հոկտեմբերին կայացած իր մենահամերգի մասին, ինչպես նաեւ մեզ է տրամադրել իր նոր ֆոտոշարքը:

Արծվիկ, վաղուց էիր նշում, որ հետաքրքրված ես նորաձեւությամբ եւ որ քո բեմական կերպարների հարցերով էլ ինքդ ես զբաղվում, այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ՝ երբվանի՞ց հասունացավ հավաքածու ստեղծելու միտքը:

Դեռ փոքր տարիքից, երբ չէի երգում, պատկերացնում էի ինձ բեմում՝ հենց իմ հեղինակած հագուստով ու կերպարներով: Միշտ մտածել եմ, որ ունենալու եմ իմ ստեղծած բրենդը: Իսկ երբ արդեն սկսեցի զբաղվել երգով, հասկացա, որ պետք է իրագործեմ նաեւ մյուս երազանքս: 5-6 տարի առաջ եմ դեռ մտածել հավաքածու ստեղծելու մասին, սակայն միշտ երաժշտական ասպարեզում էր շատ զբաղվածություն լինում՝ The Voice,  համերգներ, «Եվրատեսիլ», եւ չէի հասցնում իրականացնել մտածածս:  

Ճիշտ եք՝ հաճախ էի անդրադառնում այդ թեմային, ասում էի, որ շուտով կլինի հավաքածու, եւ այդ ժամանակն արդեն հասունացավ:  Գիտեք, առհասարակ, երբ պետք է բեմ դուրս գամ, առաջնահերթ մտածում եմ կերպարիս մասին, թե ինչ պետք է հագնեմ: Երբ հարմարավետ եմ հագնված լինում, դա նաեւ դրականորեն է ազդում իմ երգեցողության վրա: Երաժշտությունն ու նորաձեւությունն իմ կյանքի անբաժանելի մասնիկն են: Ի դեպ, ընկերուհիներս եւ կոլեգաներիցս շատերն էլ կարող են դա փաստել, որովհետեւ հաճախ ինձանից են խորհուրդներ հարցնում հագուստի եւ բեմական կերպարների վերաբերյալ: Ես էլ սիրով օգնել եւ օգնում եմ բոլորին: Նրանք ինձ դեռ վաղուց էին ասում, որ պետք է ոճաբան դառնամ:

Գործունեությունդ ծավալում ես ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում. այս երկու երկրներում էլ ներկայացված կլինի՞ հավաքածուդ:

Աշխատանքները տարվում են ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ այստեղ: Այո, այն ներկայացված կլինի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում:

Ի՞նչ ոճի հագուստ ես ներկայացնելու:

Երկու տարբերակ էի մտածում ստեղծել՝ կամ երեկոյան շքեղ զգեստներ, կամ casual ոճի հագուստ: Այնուամենայնիվ, նկատած կլինեք, որ ինձ ավելի մոտ է casual ոճը: Սիրում եմ ստեղծել այնպիսի կերպարներ, որոնք անսովոր կլինեն եւ կտարբերվեն: Կյանքում պետք չէ նմանվել: Ինքս էլ սիրում եմ հագնել կոստյումներ, բայց անպայման փորձում եմ այնպիսի համադրություն ընտրել, որ միանգամից զգացվի, որ դա իմ ձեռագիրն է: Հագուստից սկսած մինչեւ աքսեսուարներ՝ ամեն ինչ մանրամասնորեն մտածում եմ: Իմ հարցազրույցներում միշտ նշել եմ, որ հույս ունեմ՝ երազանքս մի օր կիրականանա, եւ ահա, այդպես էլ լինում է:

Ե՞րբ ես մտածում այն ներկայացնել հանրությանը:

Ամեն ինչ գրեթե պատրաստ է, պարզապես ցանկանում եմ, որ այն ներկայացվի ճիշտ ժամանակին: Ճիշտն ասած՝ ցանկանում էի Ամանորի շեմին արդեն որոշ բաներ ներկայացնել համացանցում, բայց տեսնենք, թե ինչպես կստացվի:

Արծվիկ, քո բեմական կերպարները գրեթե միշտ վառ են եւ դրական երանգների մեջ: Արդյո՞ք այդ պայծառությունը կգերակշռի նաեւ քո հավաքածուում:

Այո, իմ հավաքածուում եւս կգերակշռեն վառ գույները, որովհետեւ ես կարծում եմ՝  մեր կյանքն այնքան էլ պայծառ չէ, գորշ գույները, ցավոք, գերակշռում են: Եվ ես ցանկանում եմ, որ այն մարդիկ, ովքեր հագնեն իմ ստեղծած հագուստը, պայծառություն զգան եւ երջանկանան: Եթե մարդկանց տրամադրությունը բարձրանա, ես էլ ինձ երջանիկ կզգամ: Բայց գույներից զատ՝ սիրում եմ նաեւ, երբ կերպարը լինում է էլեգանտ եւ նուրբ:

Վերադառնանք երգարվեստին: Ի՞նչ նորություններ ունես այդ ասպարեզում:

Հիմա աշխատում եմ նաեւ իմ անգլալեզու ալբոմի վրա, այն երեւի լույս կտեսնի հունվարին: Ինչպես տեսաք՝ արդեն նոր երգ եմ ներկայացրել, որը հայերենով է: Այն հեղինակել ենք ես եւ Սոսի Խանիկյանը: Իսկապես, չէի սպասում, որ այն այդքան դուր կգա հեռուստադիտողներին: Շատերը գրում են, որ սպասում են նաեւ տեսահոլովակին, բայց տեսահոլովակին դեռ մի քիչ էլ պետք է սպասեն :) Եվս մեկ երգ ունեմ հայերենով:

Նկատեցի, որ համացանցում մրցույթ ես հայտարարել տվյալ երգի վերնագրի հետ կապված, որը պետք է որոշեին երկրպագուներդ: Արդեն ընտրե՞լ ես համապատասխան վերնագիր:

Դեռ հետեւում եմ երկրպագուներիս ուղարկած տարբերակներին: Շատ հետաքրքիր մեկնաբանություններ կան, բայց մենք դեռ ընտրում ենք: Որոշել ենք մի փոքր էլ սպասել, եւ ավելի շատ մարդկանց ընտրությանը մասնակից դարձնել: Առաջարկում եմ, որ ուշադիր լինեն, որովհետեւ ես անպայման նշելու եմ, թե ով է հաղթել մրցույթում եւ մեծ սիրով նրան կնվիրեմ իմ սինգլը՝ իմ ստորագրությամբ:

Արծվիկ, հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացավ քո մենահամերգը: Ինչպե՞ս այն անցավ:

Համերգս հրաշալի անցավ: Ճիշտն ասած՝ շատ էի հուզվում, բայց ամեն ինչ այնքան լավ անցավ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ալեքսանդր Գրացկիին, որը եւս մեզ աջակցեց: Շնորհակալ եմ նաեւ գործընկերներիս, որոնք մասնակցեցին համերգին եւ բոլոր երկրպագուներիս՝ այդ ջերմության համար: Նման համերգ կլինի նաեւ Հայաստանում: Ուզում եմ համերգային շրջագայություն ունենալ, հանդես գալ տարբեր շրջաններում եւ քաղաքներում, այդ թվում՝ իմ սիրելի Կապանում, որովհետեւ գիտեմ, որ այնտեղ ինձ շատ են սպասում:

Շուտով կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը, որի առաջին հաղթողը նախորդ տարի դարձար դու: Որպես հաղթող եւ «Եվրատեսիլ»-ի մասնակից՝ ի՞նչ կմաղթես մրցույթի այս տարվա մասնակիցներին:

Մասնակիցներին մաղթում եմ այն, ինչ բոլորն էին ինձ մաղթում՝ ինքնավստահություն, ինչն ամենակարեւորն է: Պետք է լսես սրտիդ ու անես քո գործը, բայց չմոռանաս նաեւ, որ ներկայացնում ես երկիր, որովհետեւ դա շատ մեծ պատասխանատվություն է:

Արծվիկ, ինչպես նշեցիր քո երազանքներից երկուսը՝ երգչուհի եւ դիզայներ լինելը, արդեն իրականացել են: Էլ ի՞նչ երազանքներ ունես:

Կցանկանայի նաեւ ֆիլմում նկարահանվել, բայց լավ առաջարկի դեպքում: Առաջարկներ եղել են Ռուսաստանում, սակայն ոչ այնքան հետաքրքիր, դրա համար էլ մերժել եմ, որովհետեւ կարծում եմ՝ երբ այդքան մեծ էներգիա ես ծախսում նկարահանումների ժամանակ, պետք է մարմնավորես այնպիսի կերպարի, որը քեզ հոգեհարազատ կլինի:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE