Հայուհի Լորեն Հաշիանն ու հոլիվուդյան աստղ Դուեյն Ջոնսոնը երկրորդ անգամ ծնող կդառնան

13:39   12 դեկտեմբերի, 2017

Այս տարվա մարտին մահացած հանրահայտ հայ երաժիշտ Ջոն «Սիբ» Հաշիանի (Boston խումբ, հարվածային գործիքներ) դուստրը՝ Լորենը,  եւ Հոլիվուդի աստղ Դուեյն Ջոնսոնը երկրորդ անգամ են ծնող դառնալու։ 45-ամյա դերասանն այս մասին տեղեկացրել է իր Instagram-ում։

Դերասանը հրապարակել է իր դստեր՝ Ժասմինի լուսանկարն արդեն զարդարված տոնածառի ֆոնին ու բավականին հուզիչ մակագրել այն․

«Մեր Ժասմին Լիան ուզում է կարեւոր հայտարարություն անել՝ մենք դուստր ենք ունենալու։ Իմ սիրեցյալ Լորեն Հաշիյանն ու ես անսահման շնորհակալ ենք այս երջանկության համար։ Գարնանը մենք երկրորդ անգամ ենք ծնող դառնալու։ Բացի դրանից, Ժասմինը շատ ուրախ է, որ կրտսեր քույրիկ է ունենալու ու կարողանալու է պաշտպանել նրան»,- գրել է դերասանը։

Հիշեցնենք, որ Լորեն Հաշիանն ու դերասանն արդեն ինը տարի է՝ միասին են։ Նրանց դուստրը՝ Ժասմինը, ծնվել է երկու տարի առաջ։ Դենի Գարսիայի հետ ամուսնությունից դերասանն ունի 16-ամյա դուստր՝ Սիմոնը։



© NEWS.am STYLE