Մոտ 200 կգ քաշ ունեցող ամուսինները մինչեւ Ամանոր որոշեցին նիհարել. արդյունքն ապշեցնող է (ֆոտո)

19:34   12 դեկտեմբերի, 2017

Ամեն տարի մինչեւ Ամանոր մեզանից շատերը անձնական ծրագրեր են կազմում, թե ինչ պետք է անել հաջորդ տարի եւ ինչ նոր ձեռքբերոմներ պետք է ունենալ: Այսպես, օրինակ, ոմանք իրենք իրենց խոստանում են հրաժարվել ծխախոտից կամ ալկոհոլից, սիրահարվել, լավ աշխատանք գտնել, կամ հրաժարվել անառողջ ապրելակերպից: Իհարկե, ոչ բոլորն են հավատարիմ մնում իրենց խոստումներին՝ Ամանորից հետո շարունակելով ապրել իրենց բնականոն կյանքով: Սակայն ամերկիացի այս զույգի պատմությունը շատերին կոգեշնչի:

Ամուսիններ Լեքսին ու Դենին երկու տարի առաջ՝ Ամանորի նախաշեմին, միմյանց խոստացան ազատվել ավելորդ կիլոգրամներից: Կինը կշռում էր 220 կգ, իսկ ամուսինը՝ 127: Քաշի հետ կապված խնդիր ամուսինները միշտ են ունեցել, սակայն այդ տարի դա եղել է իրենց ամենաբարձր քաշը, ինչն էլ ստիպել է նրանց մտածել քաշի կորստի մասին:

Իրենց իսկ խոսքով՝ նրանք ոչ մի կտրուկ սննդակարգի չեն դիմել, չեն պարապել անձնական մարզչի օգնությամբ եւ, նույնիսկ պլաստիկ միջամտություն չեն իրականացրել: Կնոջ խոսքով՝ նրանց ոգեշնչման միակ աղբյուրը միմյանց հանդեպ տածած սերն է եղել.

«Դենին ինձ քաջալերել է ցանկացած պահի. նա ինձ սիրել է այնպիսին, ինչպիսին կամ՝ ցանկացած քաշով: Նիհարելու այս ամբողջ ժամանակաշրջանում մենք ավելի մտերմացանք, իսկ այս ճանապարհորդությունը սկսեցինք նրա համար, որովհետեւ շատ ենք ցանկանում ծնողներ դառնալ: Այժմ մենք կարող ենք իրականացնել մեր նպատակն ու ավելի մեծ հաջողություններ գրանցել կյանքում: Շրջապատեք ձեզ այնպիսի մարդկանցով, որոնք ձեզ ոգեշնչում են ավելի լավը դառնալ եւ աջակցում են ձեր նպատակների իրականացմանը»,-Instagram-ի իր էջում գրել է Լեքսին՝ հավելելով, որ իրենց հաջողության գրավականը եղել է միմյանց ոգեշնչելն ու աշխատասիրությունը:

Լեքսիին մոտ 2 տարի պահանջվեց ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարի նա Ամանորը կդիմավորի 82 կգ քաշով: Իսկ բոլոր նրանց, ովքեր դժվար են կյանքում որոշումներ կայացնում, կինը խորհուրդ է տալիս. «Դուք ոչ միշտ կունենաք փոփոխությունների համար ժամանակ. այդ ժամանակն ինքներդ պետք է ստեղծեք: Վաղը նոր օր կբացվի… Երբեք մի հանձնվեք եւ շարունակեք պայքարել»:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ Լեքսիի Instagram-ի էջից



© NEWS.am STYLE