«Կա սահման, որը չեմ անցնի նույնիսկ մեծ գումարի դեպքում». Թամարա Գեւորգյանն՝ իր համաձակ ֆոտոշարքի եւ ձմեռային դեպրեսիայի մասին

15:05   13 դեկտեմբերի, 2017

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը հայ հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ այս տարի՝ սերիալային կերպարներով  եւ «Իմ անցյալի դիմանկարը» գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերով: Վերջերս Թամարան, համագործակցելով լուսանկարիչ Նարեկ Արշակյանի եւ դիմահարդար Իզաբելլա Պապարիցուի հետ, ներկայացրեց բավականին հակարձակ ֆոտոշարք՝ ցուցադրելով սեքսուալ եւ ճակատագրական կնոջ կերպար:

NEWS.am STYLE-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել, որի ընթացքում Թամարան խոսել է ոչ միայն ֆոտոշարքում իր կերպարի, այլեւ գալիք Ամանորի եւ դրան նախորդող դեպրեսիայի մասին.

Թամարա, սեքսուալ ֆոտոշարք իրականացնելիս կարեւոր է չանցնել վուլգարության սահմանը: Հե՞շտ էր դա պահելը:

Մարդ կամ վուլգար է, կամ՝ ոչ: Սահմաններն ինձ թվում է՝ շատ ներքին են: Միգուցե, միեւնույն բանը անեն երկու տարբեր մարդիկ՝ մեկինը վուլգար ստացվի, մյուսինը՝ ոչ:

Կանայք տարբեր կերպ են ընկալում սեքսուալ լինելը: Քեզ համար ո՞րն է կնոջ գրավչության գաղտնիքը:

Կարծում եմ՝ գրավչության գաղտնիքն ինքնատիպությունն է…

Սերիալներում քո կերպարները, սովորաբար, ունեն բացասական գիծ: Ի՞նչ ես կարծում` ինչո՞ւ են ռեժիսորները քեզ հենց այդպիսի կերպարում տեսնում:

Առաջին նախագծում բացասական կերպարով հանդես եկա, ասում են՝ ստացվեց: Եւ դա երեւի արդեն այդպես էլ ընկալվեց: Ինձ թվում է՝ առաջիկայում կփոխվի այդ կարծրատիպը: Թատրոնում մի շարք դրական կերպարների եմ մարմնավորել: Ես երկու տեսակների մեջ էլ ինձ հարմարավետ եմ զգում:

Որպես դերասանուհի` ավելի համարձակ ֆոտոշարքերի կամ դերերի պատրա՞ստ ես: Կա՞ սահման, որը չես անցնի անգամ լավագույն առաջարկի կամ բարձր գումարի դեպքում:

Որպես դերասանուհի… ճիշտ եք՝ այո, որպես դերասանուհի կարող եմ: Չեմ քննադատում ոչ մեկին, ամեն մարդ ունի իր կարծիքը: Բայց ես հստակ գիտեմ, որ դերասանուհին պետք է ճկուն լինի եւ ամեն կերպ էլ կարողանա ներկայանալ: Այլ հարց է, թե ինչ շուկա է քեզ դա առաջարկում, ու ինչ արդյունք կլինի: Կա սահման, որը չեմ անցնի, իհարկե, նույնիսկ՝ մեծ գումարի դեպքում: Բայց նորից կրկնեմ՝ սահմանները շատ ներքին են ու անհատական:

Տարին մոտենում է ավարտին: Շատերի մոտ արդեն սկսվել է ձմեռային դեպրեսիսան: Եղանակային փոփոխություններն ազդո՞ւմ են քեզ վրա:

Ճիշտն ասած՝ միշտ ունեցել եմ ոչ թե ձմեռային, այլ նախատոնական դեպրեսիա: Այդ տոնական իրավիճակն ինձ միշտ դեպրեսիայի մեջ էր գցում: Բայց հիմա աշխատում եմ ինձ վրա ու տրամադրվում: Ահասարակ, կարողանում եմ աշխատել թերություններիս վրա՝ փորձելով շտկել դրանք:

Ամփոփելով այս տարին` կնշե՞ս ստեղծագործական ի՞նչ ձեռքբերումեր ունեցար եւ ի՞նչ է սպասվում 2018 թ-ին:

Ամփոփելով տարին՝ կարող եմ ասել, որ այն չափազանց հագեցած էր: Կորուստների ու ձեռքբերումների տարի էր: Ստեղծագործական առումով կարող էր ավելի լավը լիներ: Բայց 2017-ն ինձ չափազանց կարեւոր մարդկանց նվիրեց, իսկ ավելորդներին՝ հեռացրեց…Մյուս տարին էլ ավելի լավ է լինելու (ժպտում է):

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE