Պատրաստվիր Ամանորին՝ NEWS.am STYLE-ի հետ. տոնական շքեղ դիմահարդարում՝ քայլ առ քայլ

20:31   13 դեկտեմբերի, 2017

Ամանորը մոտենում է՝ իր հետ բերելով ամենաարդիական՝ «ինչպես դիմավորել տարեմուտը» հարցը, որը «տանջում է» շատ աղջիկների: Բացի տոնական զգեստից, դուք պետք է ունենաք նաեւ շքեղ դիմահարդարում: Ահա, թե ինչու NEWS.am STYLE-ը դիմել է մասնագետների օգնությանը: Մենք զրուցել ենք դիմահարդար Անուլ Գրայրովնայի հետ եւ փորձել հասկանալ, թե որոնք են սեզոնի թրենդներն, ինչպես նաեւ՝ ցույց տալ Ամանորի դիմահարդարման ոճային եւ շքեղ տարբերակ:

«Այս տարի բավականին արդիական են փայլերը (գլիտեր), եւ, կարծում եմ, հատկապես Ամանորը դիմավորելիս դրանք տեղին կլինեն: Մի փոքր փայլը չի խանգարի ոչ ոքի»,- ասում է նա:

Նման փայլեր դուք կարող եք գնել երեւանյան գրեթե ցանկացած խանութում: Եվ քանի որ դրանք զարդարում են շուրթերը, ապա այստեղ գումար ափսոսալ պետք չէ: Ինչպես արդեն հասկացաք, մեր ամանորյա դիմահարդարման մեջ շեշտը դրված է հատկապես շուրթերին:

Բայց, ամեն ինչ հերթով: Նախ, կազմենք դիմահարդարման պարագաների ցանկը, որոնք ձեզ պետք կգան նման դիմահարդարում ինքնուրույն անելու համար:

Առաջին հերթին, ձեզ պետք է դեմքը մաքրող լոսյոն, բամբակ, տոնային երանգաքսուք՝ ըստ ձեր մաշկի երանգի, մուգ շագանակագույն երանգաքսուք՝ կոնտուրինգի համար, ստվերաներկ, սյուրմա, արհեստական թարթիչներ, շուրթերի մատիտ, շրթներկ, գլիտեր եւ հայլայթեր:

Սկսենք նրանից, որ դեմքը պետք է մաքրել ձեր մաշկի տեսակին համախատասխան լոսյոնով, եւ հետո միայն սկսել դիմահարդարումը: Իսկ դիմահարդարումը պետք է սկսել աչքերից եւ հոնքերից: Ա. Գրայրովնան հոնքերը խորհուրդ է տալիս ընդգծել ոչ շատ մուգ ստվերաներկով: Այդպես դրանց տեսքն ավելի բնական է լինում:

Այս դիմահարդարման մեջ աչքերի համար նա օգտագործել է շագանակագույն երանգի ստվերաներկեր, ապա սյուրմայով սլաքներ նկարել, որից հետո արհեստական թարիթչներ ամրացրել:

Աչքերի դիմահարդարումն ավարտելուց հետո սկսում ենք քսել տոնային կրեմը: Ավարտելուց հետո պետք է անցնել կոնտուրինգին եւ լավ տարածել այն, որպեսզի երանգային անցումը կտրուկ չլինի:

Կոնտուրինգից հետո անցնում ենք շուրթերը ներկելուն: Դրանք նախ պետք է եզրագծել մատիտով: Այս դեպքում մենք ընտրել ենք հենց կարմիր մատիտ, որից հետո կարմիր շրթներկ քսել:

Ամենավերջում վրձնի օգնությամբ պետք է շուրթերին քսել փայլը, սակայն դա պետք է անել դրա համար նախատեսված պրոֆեսիոնալ սոսնձով, հատկապես եթե գնում եք մի վայր, որտեղ նաեւ պետք է ուտեք, այլապես՝ փայլերը պարզապես ուտելիքի հետ ձեր ստամոքս կգնան :)

Իսկ եզրափակում ենք դիմահարդարումը հայլայթերով, որը գերադասելի է տարածել այտոսկրերի, ճակատի, կզակի եւ մի փոքր էլ քթի հատվածում:

Շուշան Շատիկյան

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE