51-ամյա Հոլի Բերին բաժանվել է իր 35-ամյա բոյֆրենդից

23:22   14 դեկտեմբերի, 2017

Դեռ սեպտեմբերին Հոլի Բերին ի լուր աշխարհի տեղեկացրեց իր նոր սիրավեպի մասին՝ իրենից 16 տարով փոքր հիփ-հոփի բրիտանացի պրոդյուսեր, Գրեմիի մրցանակակիր Ալեքս Դա Կիդի հետ համատեղ լուսանկար հրապարակելով Ինստագրամի իր էջում և այն վերնագրելով «Իմ հավասարակշռությունը»: Հոլիին և Ալեքսին հետագայում մի քանի անգամ նկատել են ռոմանտիկ ժամադրությունների ժամանակ: Իսկ նոյեմբերի վերջին նրանք միասին հանգստանում էին Բորա-Բորա կղզում: Դերասանուհին ինստագրամյան էջում լուսանկարներ էր հրապարակել նաև այդ ճանապարհորդությունից, որտեղ նա Ալեքսի հետ էր և բավականին երջանիկ տեսք ուներ:

Բայց, ինչպես պարզվեց, սիրավեպն այնքան էլ երկար չտևեց: Արևմտյան ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զույգը մի քանի ամիս շփումից հետո այլևս միասին չէ: Լրատվական աշխարհի ներկայացուցիչները նման հետևության են եկել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Ալեքսին նկատել են Լոս-Անջելեսում կազմակերպված երեկույթի ժամանակ՝ անծանոթ աղջկա ուղեկցությամբ, որի հետ նա լքել է միջոցառումը:

Թե ով է դերասանուհու և երաժշտական պրոդյուսերի բաժանման նախաձեռնողը, առայժմ հայտնի չէ, քանի որ նրանք դեռևս ձեռնպահ են մնում որևէ մեկնաբանությունից:

Հիշեցնենք, որ Հոլի Բերին չորս անգամ ամուսնացած է եղել՝ երեք անգամ պաշտոնապես, մեկ անգամ քաղաքացիական ամուսնությամբ: Վերջին ամուսնուց նա բաժանվել է չորս տարի առաջ:

 

Աղբյուր՝Just Jared



© NEWS.am STYLE