Երեք կին Դասթին Հոֆմանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ

10:24   15 դեկտեմբերի, 2017

Հոլիվուդյան սեքս սկանդալները շարունակում են մնալ ամերիկյան հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Վերջերս դերասանուհի Քեթրին Ռոսեթերը դերասան Դասթին Հոֆմանին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ՝ Բրոդվեյում 1983-ին մյուզիքլի բեմադրության ժամանակ։

Իսկ հիմա Variety-ի փոխանցմամբ, դերասանուհուն միացել է եւս երեք կին, որոնք մեղադրանքներ են ներկայացրել 80-ամյա դերասանի դեմ։

Նշում են, որ ոտնձգությունների երեք դեպքերն էլ տեղի են ունեցել 1980-ականներին։ Տուժածներից մեկը խնդրել է իր անունը չհրապարակել։ Ընդ որում՝ մյուս երկու կանայք հայտնել են իրենց անուններն ու պատմել տեղի ունեցածի մանրամասները։

Տուժած Մելիսա Քեսթերը պատմել է, որ  Հոֆմանը «Իշտար» ֆիլմի նկարահանումների ժամանակ է ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ Քորի Թոմսասը հայտնել է, որ Հոֆմանը 1980-ին մերկացել է իր առջեւ (այն ժամանակ Քորին 16 տարեկան էր) ու պահանջել, որ Քորին մերսի նրա ոտքերը։

Դերասանի ներկայացուցիչներն ու նրա փաստաբան Նոյբաուերը հերքել ու սուտ են անվանել այդ հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ, Դասթին Հոֆմանին վեց կին է մեղադրել սեռական ոտնձգության մեջ։  Այդ գործերից ոչ մեկը դատարանում չի քննվում։ Դերասանը ներողություն է խնդրել կանանցից մեկից։

Դասթին Հոֆմանը Ամերիկյան կինոակադեմիայի երկու մրցանակաբաշխությունների դափնեկիր է դարձել «Կրամերն ընդդեմ Կրամերի» ու «Անձրեւի մարդը» ֆիլմերում իր դերերի համար։  Նա նաեւ հայտնի է «Թութսի», «Շրջանավարտը», «Կեսգիշերյա կովբոյը» ֆիլմերով։



© NEWS.am STYLE