Մեգան Մարքլն առաջ է անցել Քեյթ Միդլթոնից՝ տարվա նորաձեւ աստղերի վարկանիշում

11:36   15 դեկտեմբերի, 2017

Մեգան Մարքլն ինչ-որ բանով Մելանյա Թրամփին է հիշեցնում։ ԱՄՆ առաջին տիկնոջը սկզբում լուրջ չէին ընդունում, ու շատ դիզայներներ անգամ հրաժարվում էին աշխատել նրա հետ, իսկ հիմա զղջում են, քանի որ ԱՄՆ-ում Մելանյա Թրամփը ոճի կուռք է դարձել։ Նույնն էլ Մեգան Մարքլը, որին նույնպես սկզբում առանձնապես լավ չէին ընդունում թագավորական ընտանիքում, սակայն հիմա արդեն պարզ է, որ Մեգանն էլ է ֆեշն աստղ դառնում։

ENews-ը գրում է, որ Lyst ընկերության վերլուծաբանները կազմել են նորաձեւության վարկանիշ, որում կա «ոճ ստեղծող» անվանակարգ։ Եվ այդ վարկանիշի առաջատարն է դարձել Ռիհանան։ Սելենա Գոմեսը երկրորդ տեղն է զբաղեցրել, եռյակը եզրափակել է Բելլա Հադիդը, իսկ, ահա, Մեգան Մարքլին չորրորդ տեղն է բաժին ընկել, Քեյթ Միդլթոնին էլ՝ հինգերորդ։

«Այս տարի Մեգանը ցուցադրել է իր սեփական թագավորական ոճն ու ընտրել է բրիտանական հռչակավոր ապրանքանիշերի՝ այդ թվում Barbour, Hunter, Burberry-ի, ինչպես նաեւ ոչ այնքան հայտնի Misho, Nonoo, Line and Finlay ապրանքանիշերի ստեղծած հանդերձանքները»,- պատմել են վերլուծաբանները։

Նրանց կարծիքով՝ դքսուհի Քեթրինի ոճն այս տարի էլ շատ պոպուլյար էր, ընդ որում՝ առանձնահատուկ իրարանցում էր առաջանում Erdem, L.K. Bennett, Roland Mouret եւ Dolce & Gabbana ապրանքանիշերի հագուստի շուրջ, որոնցով արքայազն Ուիլյամի կինը հայտնվում էր հանրությանն, ու որոնք հաշված ժամերի ընթացքում դառնում էին վաճառքի հիթեր։



© NEWS.am STYLE