Մհերը հայտ է ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ»-ին

10:50   15 դեկտեմբերի, 2017

Մհերը հայտ է ներկայացրել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Այդ մասին երգիչն անձամբ է հայտնել իր Instagram-ում՝ գրելով.

«Հարգելի ընկերներ, իմ արվեստի երկրպագուներ։ Սիրով ուզում եմ Ձեզ հետ կիսվել իմ եւ իմ ստեղծագործական թիմի կողմից կայացված որոշմամբ այն մասին, որ ես հայտ եմ ներկայացրել մասնակցելու Հանրային Հեռուստաընկերության կողմից «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցի ընտրության համար կազմակերպվող «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին։

Գտնում եմ՝ հասունացել է այն պահը, որ իմ կատարած երկարատեւ աշխատանքով վաստակել եմ իմ երկիրը աշխարհին ներկայացնելու հնարավորությունը։ 

Այժմ մեծ ստեղծագործական եռանդով լցված աշխատանքներ եմ տանում եվրատեսիլյան երգի համար, որն էլ շուտով ձեզ կնեկայացնեմ։ Ինձ համար, ինչպես միշտ շատ, կարեւոր է Ձեր աջակցությունն ու աղոթքները»:

Հիշեցնենք, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: 

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:



© NEWS.am STYLE