Կոնստանտին Օրբելյանը՝ «Գրեմմի»-ի առաջադրվելու, Դմիտրի Խվորոստովսկու եւ Հայաստանի մշակութային կյանքի մասին

12:04   16 դեկտեմբերի, 2017

Այս մարդու մասին խոսելիս դժվար է խուսափել հիացական բնորոշումներից: Նա բոլորին լիցքավորում է իր դրական էներգետիկայով ու ստեղծագործական կրքով: Կոնստանտին Օրբելյանի արտասովոր կյանքն ու գործունեությունը, որին «Opera News» պարբերականը ժամանակակից լավագույն վոկալ դիրիժոր է անվանել, հրաշալի արտացոլում է այն, թե ինչի կարող է մարդ հասնել կրքոտ ցանկության եւ աշխատասիրության շնորհիվ: Մաեստրո Օրբելյանը ծնվել է Ամերիկայում, բնակվում է Մոսկվայում եւ ղեկավարում Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը: Խոստովանում է. իրեն էլ այդ ամենը ֆանտաստիկ է թվում: NEWS.am STYLE-ի խմբագրությունն անհամբերությամբ էր սպասում մաեստրոյի հետ այս հանդիպմանը, որպեսզի զրուցեր Դմիտրի Խվորոստովսկու հետ նրա մտերմության, «Գրեմմի»-ի առաջադրվելու եւ այլնի մասին:

Հեռախոսազրույցում Դուք նշեցիք, որ Դմիտրի Խվորոստովսկին երազում էր, նրա համար կարեւոր էր, որպեսզի հենց «Свиридов: Отчалившая Русь» ալբոմը ճանաչում ունենա: Ձեր կոմպոզիցիան «Գրեմմի»-ի է առաջադրվել: Հավատո՞ւմ եք, որ այն պարգեւի կարժանանա:

Երբ Դմիտրին հասկացավ, որ լուրջ հիվանդ է, միայն մեկ ցանկություն ուներ՝ այդ ալբոմը ձայնագրել սիմֆոնիկ նվագախմբի հետ, քանի որ ուզում էր այդ կոմպոզիցիան նորովի, այլ կերպ զգալ: Բայց իրականում նա չէր սպասում, որ հենց այդ սկավառակը կարող է «Գրեմմի»-ի առաջադրվել: Ես ինքս չէի սպասում, որ «Свиридов: Отчалившая Русь»-ը նման ճանաչում ձեռք կբերի:

Իհարկե՝ բոլորն են ուզում հավատար, որ ստեղծագործությունը պարգեւի կարժանանա: Մնում է միայն սպասել եւ հուսալ:

Խվորոստովսկու մասին խոսելիս ասացիք, որ «ընդմիշտ ընկերներ» էիք: Նա միա՞կն էր այդպիսին: Ի՞նչ իմաստ եք դնում «ընդմիշտ ընկերներ» հասկացության մեջ: Ի՞նչ փոխվեց Ձեզ համար Խվորոստովսկու մահից հետո:

«Ընդմիշտ ընկերներ» հասկացությունն ընդհանրապես հազվագյուտ երեւույթ է, հատկապես նման ստեղծագործական ընկերությունը, որն ունեինք Դմիտրի Խվորոստովսկու հետ: Մենք միասին աշխատել ենք 17 տարի, ամեն տարի շուրջ վեց ամիս միասին համերգային շրջագայությունների էինք մեկնում, նոր երգեր ձայնագրում, նախաճաշում, ճաշում եւ ընթրում: Միասին աշխատող բազմաթիվ երաժիշտներ չեն կարող նման մարդկային ընկերությամբ պարծենալ: Մենք համերգներով նաեւ Երեւանում էինք լինում, որոնցում ներգրավված էր լինում նաեւ իմ հորեղբայր Կոնստանտին Օրբելյանը: Մեր ընկերությունը միայն մասնագիտական գործունեությամբ չէր սահմանափակվում, մենք մտերիմ շփում ունեինք ընտանիքներով, մեր կանայք ու երեխաները նույնպես մտերիմ էին: Մենք շատ կապված էինք: Այդ պատճառով նրա վախճանն ինձ համար անդառնալի կորուստ է: Դմիտրիին անհնար է համեմատել մեկ ուրիշի հետ, նա ամեն ինչում եզակի էր:

Ձեզ շոյո՞ւմ է «Գրեմմի»-ի առաջադրվելու փաստը, թե՞ դրան վերաբերվում եք որպես սովորական երեւույթի:

2015 թվականին ես արդեն առաջադրվել եմ «Գրեմմի» մրցանակի՝ ամերիկացի տենոր Լորենս Բրաունլիի հետ, որը կատարում էր Ռոսինիի արիաները: Իհարկե՝ այն ժամանակ մենք մրցանակ չստացանք, բայց շատ հաճելի էր, որ գործընկեր երաժիշտները գնահատում են աշխատանքդ:

Ցանկանում եք ի հիշատակ Դմիտրի Խվորոստովսկու համերգ կազմակերպել համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ: Հնարավո՞ր է, արդյոք, որ այն Հայաստանում անցկացվի:

Հայաստանում անպայման մի շարք միջոցառումներ կանցկացնենք՝ ի հիշատակ Դմիտրի Խվորոստովսկու: Նա բազմիցս աշխատել է Հասմիկ Գրիգորյանի, Գեղամ Գրիգորյանի եւ Բարսեղ Թումանյանի հետ, սիրում էր նրանց, շատ էր սիրում նաեւ այցելել Երեւան: Համերգներ են կազմակերպվելու նաեւ մի շարք այլ քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նյու Յորք:

Սկսեցինք խոսել Հայաստանի մասին, իսկ ի՞նչ կասեք տեղի հանդիսատեսի մասին: Ինչո՞վ է տարբերվում հայ հանդիսատեսը: Թե՞ սիմֆոնիկ համերգների այցելուներն ամենուր միանման են:

Պատահական ոչ ոք եւ երբեք համերգասրահ չի հաճախում: Մարդիկ հենց այնպես թատրոն չեն գնում, նրանք նախապես որոշում են, թե ինչ են լսելու կամ դիտելու: Մեր նպատակը դա գրավիչ եւ բարձր մակարդակով ներկայացնելն է: Կարծում եմ՝ հանդիսատեսն ամենուր միանման է: Պարզապես պետք է կարողանալ գրավել ու հմայել նրան: Թատրոն ամեն օր չեն հաճախում, թեկուզ միայն այն պատճառով, որ դա ամենեւին էլ էժան հաճույք չէ: Նույնիսկ Մոսկվայում կամ Պետերբուրգում մարդիկ կարող են իրենց թույլ տալ տարեկան լավագույն դեպքում 2-3 անգամ թատրոն հաճախել: Հանդիսատեսը նաեւ սեզոնային է լինում: Ամռանը Հայաստանում միշտ շատ զբոսաշրջիկներ են լինում, որոնք ուզում են հայկական ստեղծագործություններ ունկնդրել՝ «Սպարտակ», «Գայանե», «Անուշ»... Մենք ձգտում ենք մշտապես նոր հանդիսատես փնտրել, իսկ նոր հանդիսատեսը երեխաներն են: Շուտով մեր բեմում հնարավոր կլինի վայելել «Чиполлино»-ն եւ «Щелкунчик»-ը, որոնք կգրավեն երիտասարդ սերնդին:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի մշակութային կյանքը հիմա. առաջընթաց, թե՞ հետընթաց:

Ինձ համար դժվար է գնահատել թատերական կյանքը, քանի որ ես այնքան զբաղված եմ, որ չի ստացվում հետեւել ամեն ինչի: Բայց կարող եմ նշել, որ Հայաստանում մշակութային կյանքը, ըստ էության, բավական ինտենսիվ է: Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում անընդհատ համերգներ են, փառատոններ, հյուրախաղեր, վերջերս Հայաստան էր եկել լեգենդար Ռընե Ֆլեմինգը: Բայց չի կարելի նաեւ ասել, որ մշակութային կյանքը չափազանց ակտիվ է: Հարկավոր է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Հայաստանը Եվրոպայի կենտրոնում չէ: Այստեղ հարկավոր է նպատակաուղղված հրավիրել մարդկանց, նման բանակցությունները երբեմն մի քանի տարի են տեւում: Օրինակ՝ Ռընե Ֆլեմինգին հարկ եղավ երկու տարի համոզել, փոխարենը հիմա նա սիրահարված է մեր մշակույթին:

Դուք ծնվել ու մեծացել եք Ամերիկայում, Ձեր մայրը ռուս է, հայրը՝ հայ, իսկ ո՞վ եք զգում ձեզ Դուք: Կարելի՞ է Ձեզ կոսմոպոլիտ անվանել: Ձեր կարծիքով, ազգությունն ազդեցություն ունենո՞ւմ է անհատականության վրա:

Էությամբ ես ամերիկացի եմ, ինձ հարազատ է նրանց հանդուրժողականությունը: Նրանք բավական դյուրին են ընկալում տարբեր ազգություններին, նրանց համար կարեւոր չէ, թե ինչ է ազգանունդ կամ որտեղ ես ծնվել: Ես երբեք օտարված չեմ զգացել Օրբելյան ազգանունով եւ Կոնստանտին անունով: Ամերիկայում ես ապրում, ուրեմն ամերիկացի ես: Ծնողներս իմ մեջ սեր են սերմանել Ամերիկայի եւ Ռուսաստանի հանդեպ, իսկ ահա Խորհրդային միության հանդեպ՝ որոշակի վախ: Եվ ո՞վ կարող էր մտածել, որ ես ապրելու եմ Մոսկվայում, ԽՍՀՄ Պետական կամերային նվագախմբի դիրիժորն եմ լինելու, իսկ հիմա՝ նաեւ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնն եմ ղեկավարելու: Այս ամենն ինձ համար ֆանտաստիկայի ժանրից է:

Ձեր կյանքում այս կամ այն երաժշտական ստեղծագործության հետ կապված խորհրդավոր իրադարձություններ եղե՞լ եք:

Չեմ կարող ասել, որ խորհրդավոր իրադարձություններ եղել են, բայց խորհուրդ ունեցող՝ այո: 1995 թվականին ես ծանոթացա եւ ընկերացա ֆանտաստիկ օպերային երգչուհի Էվա Պոդլեսի հետ, որի հետ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ելույթ էինք ունենում «Русская зима» («Ռուսական ձմեռ») փառատոնի բացմանը: Իսկ երեկոյան Էվա Պոդլեսն իմ տանը հայտարարեց, որ համերգ է ունենալու Քարնեգի հոլում եւ ցանկանում է ելույթ ունենալ միայն ինձ ու իմ նվագախմբի հետ: Իսկ մեր ժամանակացույցը հագեցած էր՝ 35 ելույթ ԱՄՆ-ում, միայն չորս ազատ օր ունեինք: Եվ զարմանալի է այն, որ լեհ երգչուհու համերգը համընկավ մեր ազատ օրերի հետ: Դա, իհարկե, խորհրդավոր բան չէ, բայց նշանակալից է:

Նույնն էր Դմիտրիի հետ: Նա օպերային երգիչ է, եւ ինչպես էլ երգի, ինչ էլ անի, միեւնույն է, որոշակի շրջանակի ունկնդիր ունի: Բայց երբ նրա հետ ձայնագրում էինք «Պատերազմական տարիների երգերը» ալբոմը, հանկարծ ամբողջ երկիրը սկսեց լսել այդ երգերը: Եվ ահա մեկ մարդ՝ Դմիտրին, կարողացավ փոխել ամբողջ Ռուսաստանի տրամադրությունը: Բոլորը միանգամից նորից սկսեցին հպարտանալ իրենց մշակույթով ու հայրենիքով:

Ուշադրություն դարձնո՞ւմ եք այն ամենին, ինչ Ձեր մասին ասում են մարդիկ: Ձեզ համար կարեւո՞ր է այլոց կարծիքը:

Եթե ասեմ, որ ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, ճիշտ չի լինի: Երբեմն իմ գործերի ու ելույթների մասին գրախոսականներ եմ կարդում, բայց միշտ ինքս գիտեմ, թե ինչն եմ լավ արել, ինչը՝ ոչ: Չեմ իմ մասին գովասանք կարդալ, հետաքրքիր չէ: Ինձ համար միշտ կարեւոր է եղել ծնողներիս կարծիքը, եւ գիտեմ, որ նրանց համար հաճելի կլիներ, որ այսօր այստեղ եմ: Նրանք ժամանակին հարկադրված էին հեռանալ ԽՍՀՄ-ից, իսկ իրենց որդուն այս երկիրն ընդունեց:

Չնայած հաճախակի ճամփորդություններին եւ մշտական համերգային շրջագայություններին՝ հրաշալի «մարզավիճակում» եք: Ինչպե՞ս եք կարողանում պահպանել ստեղծագործական եւ ֆիզիկական լավ վիճակը: Գաղտնի բաղադրատոմս ունե՞ք:

Միշտ լավ տրամադրություն է պետք: Ես այնպիսի ընտանիքում եմ մեծացել, որտեղ ամեն ինչ հնարավոր էր. ոչ ոք չէր ասում, որ չի կարելի կամ չես կարող ինչ-որ բան անել: Ծնողներս ամեն ինչում սատարել են ինձ, թույլ էին տալիս սեփական սխալներս գործել, բարեբախտաբար, դրանք ճակատագրական չէին: Կարծում եմ՝ որքան շուտ է մարդն ինքնուրույն դառնում ու պատասխանատու լինում սեփական արարքների համար, այնքան արագ է իրեն գտնում այս կյանքում: Հայրական սերն ու մայրական քնքշանքը պետք է չափավոր լինեն: Կյանքն այնպիսի մրցակցային տրամադրություն ունի, որ պետք է մարտական որակներ դաստիարակես ինքդ քո մեջ:

 

Մարգարիտա Ավագյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE